Նույն սցենարն է, ինչ Արցախի դեպքում էր, չեմ ցանկանա` Հայաստանն էլ արժանանա այդ ճակատագրին. արցախցի Ժաննա Արզումանյան
07 Մայիսի 2024, 21:30
Սահմանազատման գործընթացի կասեցման պահանջով երթը շարունակվում է: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթն այսօր Կոտայքի մարզի Սոլակ գյուղից շարժվել է դեպի Չարենցավան քաղաք:
Alpha News-ի նկարահանող խումբը երթը լուսաբանել է տեղում և զրուցել քաղաքացիների հետ Տավուշից սկիզբ առած պայքարի նպատակների մասին:
Երթին միացած արցախցի Ժաննա Արզումանյանը նշում է՝ ոչ մի գիտակից հայ չի ցանկանա, որ Հայաստանն Արցախի ճակատագրին արժանանա։
«Հայաստանն իմ երկրորդ տունն է։ Ոչ մի գիտակից հայ չի ցանկանա, որ Հայաստանն Արցախի ճակատագրին արժանանա։ Ուզում եմ երկիրս ծաղկի, ոչ թե անդադար պատերազմների մեջ լինի։ Աստծո կամքով այս երթն իր նպատակին կհասնի»,- ասում է Արզումանյանը։
Նա իր արցախցի հայրենակիցներին ևս կոչ է անում դուրս գալ փողոց և միանալ երթին․
«Եթե այս ամենին վերջ չդրվի, կտոր-կտոր երկիրը կկորցնենք։ Եկեք ամեն ինչ անենք, որ ադրբեջանցին ոտք չդնի Հայաստան, և այստեղ չկրկնվի այն, ինչ եղավ Արցախում»։