Նովոռոսիյսկի ղեկավարը Գավառում հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Մեխակ Ավետիսյանի հետ
07 Հունիսի 2025, 21:20

Հերոս-քաղաք Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն աշխատանքային այց է կատարել Գավառ եղբայր-քաղաք, որտեղ հանդիպել է քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետ։ Նրանք միասին տեսակցել են Հայրենական մեծ պատերազմի վետերան Մեխակ Տիգրանի Ավետիսյանին։
Անդրեյ Կրավչենկոն սոցցանցի իր էջերում հայտնել է, որ այս տարի Մեխակ Ավետիսյանը նշել է իր 103-ամյակը։ 1940 թ․ Երևանի մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Մեխակ Ավետիսյանը զորակոչվել է Կարմիր բանակ և ծառայել Մերձբալթիկայում։ Գլխավոր հրամանատարական պահեստազորի 242-րդ առանձին զենիթահրետանային դիվիզիայի կազմում նա պաշտպանել է Էստոնիայի սահմանը, Պսկով, Դնո, Նովգորոդ քաղաքները, Վոլխով գետը, Ստարայա Ռուսան, Ռժևը, Օստաշկովը, Վելիկիե Լուկին և հիմնական երկաթուղային հանգույցները՝ Կրեստցի, Վալդայ, Բոլոգոյե, Վիշնիյ Վոլոչոկ։
Մեխակ Ավետիսյանը պարգևատրվել է «Գերազանց հրետանավոր» կրծքանշանով, «Մարտական վաստակի համար», «Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար», «Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի համար» մեդալներով, «Կարմիր աստղի», «Հայրենական պատերազմի», իսկ խաղաղ ժամանակ՝ «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշաններով և այլն։
«Ընդհանուր արժեքները, ավանդույթների, երիտասարդների կրթության և հայրենասիրության հետ կապված ձգտումներն ամուր հիմք են հանդիսանում երկարամյա բարեկամության համար, որը կապում է Նովոռոսիյսկը և Գավառը»,-նշել է Կրավչենկոն՝ անձամբ շնորհակալություն հայտնելով վետերանին՝ հանուն ժողովուրդների ընդհանուր բարօրության իր անգնահատելի սխրանքի համար, և նրան նվիրելով հիշարժան նվեր՝ Նովոռոսիյսկի «Նռնակով նավաստին» հուշարձանի ճշգրիտ կրկնօրինակը։