Ոչ բոլորը կարող են 35 տարեկանում նվաճել Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը․ Մխիթարյան

05 Մայիսի 2024, 18:50

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 2023/2024 մրցաշրջանում իտալական թիմի չեմպիոնությունը։ Այս մասին գրում է «Championship»-ը:

«Միշտ հավատացել եմ, որ դառնալու եմ Իտալիայի չեմպիոն։ Ես երկար եմ սպասել այս սկուդետոյին, այն թանկ է և երկար սպասված։ Ես ուրախ եմ այդ նվաճման համար։ Ոչ բոլորը կարող են 35 տարեկանում նվաճել Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը: Ես այս նվաճման վրա կանգ չեմ առնի, կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի հաջորդ մրցաշրջանն էլ ավելի հաջող լինի», — Մխիթարյանի խոսքը մեջբերում է լրագրող Հրաչ Խաչատրյանը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):

«Ինտերը» Իտալիայի Ա Սերիայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է: Թիմը 35 խաղում վաստակել է 89 միավոր։ «Ինտերը» ժամանակից շուտ դարձավ Իտալիայի չեմպիոն 2023/2024 մրցաշրջանում՝ Ա Սերիայի 33-րդ տուրում` 2:1 հաշվով հաղթելով «Միլանին»: