Ձեռագրաբանական որևէ փորձաքննություն չի իրականացվել. պաշտպանը՝ Բագրատ Սրբազանի գործի մասին

14 Ապրիլի 2026, 11:30

Քաղաքականություն

Ուզում ենք կիսվել մի փաստաթղթով, որն, ըստ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի, Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչության պլան է։ Այս մասին «18 արդարների» գործով փաստաբանական թիմի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Երբ գործը նոր էր հարուցվում և ՔԿ-ն, ՀՀ վարչապետը անընդհատ ինֆորմացիայով գրոհում էին հասարակությանը, այս փաստաթուղթը ընդհանրապես չի հրամցվել։ Իսկ պատճառն այն է, որ այս փաստաթուղթը իրականում կարևորություն էլ չուներ։ Բայց հետագայում, երբ մեր կողմից քննադատական խոսք հնչեցվեց բարձր պաշտոններ զբաղեցնող իրավապահների հասցեին, ենթադրում եմ՝ ցանկություն առաջացավ լրացուցիչ տվյալներով դիրքը ամրապնդելու։ Հերթական անգամ ենթակաների մատուցած կեղծ տեղեկատվությունը ԱԺ-ում փորձեց ներկայացնել ՔԿ նախագահը՝ վստահաբար պնդելով, որ գործում առկա է Բագրատ Սրբազանի կողմից գրված փաստաթուղթ»,- նշել է Խուդոյանը։

Նրա խոսքով՝ նման պնդում անելու համար պետք էր ունենալ հավաստի ապացույցներ։

«Միակ տարբերակը, որով հնարավոր էր պնդել, որ այս կամ այն փաստաթուղթը գրված է Բագրատ Սրբազանի կողմից, կարող էր լինել դատաձեռագրաբանական փորձաքննության միջոցով։ Նման փորձաքննություն երբևէ չի նշանակվել և փորձ էլ չի կատարվել նման տարբերակով պարզելու»,- ընդգծել է պաշտպանը։