Ոչ միայն Ֆրանսիան, այլ ամբողջ Եվրոպան պետք է աջակցի Հայաստանին Ադրբեջանի դեմ դիմադրելու հարցում. Եվրախորհրդարանի պատգամավոր
29 Փետրվարի 2024, 22:30
«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը շուտով կարող է նոր ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ, և միակ բանը, որ կարող է խանգարել Ադրբեջանի հարձակվելու ցանկությանը, Եվրոպայի, ինչպես նաև ԱՄՆ-ի, ինչու չէ նաև Ռուսաստանի համատեղ աջակցությունն է», — Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայից պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին:
Նրա խոսքով՝ այժմ Ռուսաստանն ավելի մոտ է Ադրբեջանին, քան Հայաստանին։
«Ռուսաստանն ի վերջո դեմ չէ Ալիևին։ Եվրոպան պետք է Հայաստանին ավելի շատ աջակցություն ցուցաբերի, քան հիմա։ Որոշ նախաձեռնություններ, ինչպիսին դիտորդական առաքելությունն է, լավ են, բայց դա բավարար չէ, և եթե մենք ուժերը չհավասարեցնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև, ես կարծում եմ, որ Ալիևը կզգա ազատություն նոր ագրեսիա սանձազերծելու համար, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղի դեպքում», — նշել է պատգամավորը։
Նա հավելել է, որ Ալիևի օրակարգը հստակ է. ադրբեջանական բանակի զորքերն արդեն տեղակայվել են Հայաստանի տարածքում, և հարձակման նախապատրաստվելը միայն ժամանակի հարց է:
«Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա շուտով, և միակ բանը, որ կարող է կանգնեցնել այդ ցանկությունը, դա հայոց բանակին պատրաստելն է, որպեսզի այն կարողանա դիմադրել։ Այդ հնարավորությունները չեն տրվելու դաշնակցային համաձայնագրի շրջանակներում, որն այժմ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ, ուստի անհրաժեշտ է նոր համաձայնագիր Եվրոպայի հետ»,- ասել է Ալֆոնսին։
Նա նշել է, որ Ֆրանսիան սկսել է ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին, սակայն ԵՄ անդամ մյուս երկրները ևս պետք է մասնակցեն և աջակցեն Հայաստանին:
«Մենք տեսանք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ, որ ռազմական առավելությունն ավելի մեծ էր Ադրբեջանի մոտ, և ես կարծում եմ, որ մենք պետք է շատ արագ հավասարեցնենք ուժերը, իրավիճակը պահանջում է անհապաղ գործողություններ», — ընդգծել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ֆրանսիան իր զորքը կուղարկի Հայաստանին պաշտպանելու համար, Ալֆոնսին ասել է, որ ինչպես Ուկրաինայի դեպքում, միակ բանակը, որը պայքարելու է, հայկական բանակն է: «Մեր մասնակցությունը դիմադրության համար միջոցների տրամադրումն է», — եզրափակել է նա: