«Ogma»-ն պատճառ է դարձել, որ այսօր շատ գործարարներ հետաքրքրված են Հայաստանով․ Հարմիկ Բաղդասարյան

09 Հուլիսի 2024, 22:35

Տնտեսություն և Բիզնես

Մենք արդեն 30 տարի է՝ աշխատում ենք «Ogma»-ի հետ և մեծ հաջողություններ ենք գրանցել։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց գործարար, «Ogma» գիտելիքի կենտրոնի հիմնադիր Հարմիկ Բաղդասարյանը։

«Ես առաջին անգամ Հայաստան եմ այցելել 1990 թ-ին։ Երկրաշարժից հետո անընդհատ դիմում եմ ներկայացրել, որ գնամ։ Սա Սովետի ժամանակն էր, և վիզա ստանալը շատ բարդ էր։ Այդ ժամանակ ես մեկ ամսով մեկնեցի Հայաստան, և հասցրեցի հանդիպել բազում գիտելիքներ ունեցող՝ հատկապես ծրագրավորման հետ կապ ունեցող, խելացի երիտասարդների հետ։ Իմ մեջ միտք առաջացավ, որ կարելի է այդ ուղղությամբ աշխատանք տանել Հայաստանի համար։ Մենք փոքրուց ունեցել ենք երազանք՝ ունենալ անկախ Հայաստան և զարգացնել այն, գործել ի օգուտ մեր երկրի։ Այդ ցանկությունն էլ նպաստեց, որ 2000 թվականներից սկսած մենք սկսեցինք աշխատել «Ogma»-ի հետ։Միասին հիմնեցինք փոքր օֆիս և 3-4 հոգով սկսեցինք աշխատել: Բայց բարեբախտաբար այսօր 50-ից ավելի ծրագրավորողներ ունենք»,- ասաց Բաղդասարյանը։

Գործարարի խոսքով՝ «Ogma»-ն պատճառ է դարձել, որ այսօր շատ գործարարներ հետաքրքրված են Հայաստանով։

««Ogma»-ն ծրագրավորման պատվերներ է վերցնում տարբեր կազմակերպություններից, և դա իրականացնում ենք մեր ծրագրավորողների միջոցով Հայաստանում։ Արդեն 30 տարի է՝ մենք այս գործն անում ենք և բավականին հաջողություններ ենք գրանցել։ Մենք նաև պատճառ դարձանք, որ շատ այլ կազմակերպություններ սկսեցին հետաքրքրվել այս գործով։ Ես հաճախ եմ մեր գործընկերներին ասում, քարոզում, որ Հայաստանը լավ տեղ է, լավ ռեսուրսներ ունի, և, ի ուրախություն մեզ, այս ամենն իր պտուղները տվել է, քանի որ վերջին 20-25 տարում ՏՏ ոլորտը Հայաստանում բավականին զարգացել է»,- եզրափակեց Բաղդասարյանը։