OPUS KLASSIK 2023-ի տարվա երգչուհի է ճանաչվել սոպրանո Հասմիկ Գրիգորյանը

23 Հոկտեմբերի 2023, 09:30

Հայեր | Մշակույթ

Օրեր առաջ OPUS KLASSIK 2023-ի մրցանակակիր է դարձել օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը: Նրա անունը համաշխարհային մամուլում, ազդագրերում ռուսերեն Asmik ձեւով է գրվում: Մրցանակաբաշխության տոնական համերգին Հասմիկ Գրիգորյանը կատարել է Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ»-ից Un bel dì, vedremo արիան:

«Miss Emotion»․ Orer. eu-ի փոխանցմամբ՝ այսպես է ներկայացրել Գրիգորյանին համերգը վարող լյուքսեմբուրգցի հայտնի հաղորդավար եւ դերասանուհի Դեզիրե Նոզբուշը (Désirée Nosbusch)՝ ասելով, թե օգտվում է սոպրանոյի տեղին ինքնաբնութագրումից:

«Հասմիկն ապրում է իր յուրաքանչյուր դերակատարումը: Նա խորությամբ է զգում երաժշտությունը»,- ասել է հաղորդավարուհին, եւ որպես դրա հավաստում հետեւյալ կենսագրական փաստը ներկայացրել. «Հասմիկի մայրն էլ օպերային երգչուհի է, նա Պուչինիի այդ ստեղծագործությունը կատարել է նաեւ հղի ժամանակ, երբ Հասմիկը նրա ներսում էր: Երգչուհին հենց այդպես էլ խոստովանում է՝ ներարգանդային օրերից գիտեմ այդ երգը»: