Որոշ շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն

30 Հուլիսի 2026, 10:30

Հայեր

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 30-ի և 31-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի ուշ երեկոյան, 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հուլիսի 30-31-ն, օգոստոսի 1-ին և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +29…+31 աստիճան։