Որպես Թրամփին ընդդիմադիր ուժ, կանադացիները լիբերալներին ավելի շատ ձայն տվեցին. Միրաքյան
30 Ապրիլի 2025, 22:17
Կանադայում ավարտվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունները, և ընտրություններում հաղթել է Լիբերալ կուսակցությունը։ Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Շահեն Միրաքյանի հետ։
«Եթե հունվարին մտածեինք, թե ինչպես պետք է անցնեն այս ընտրությունները և ինչ է սպասվելու, ապա կասեինք, որ ազատականները չեն մտնելու խորհրդարան, ոչ թե փոքրամասնություն են լինելու, այլ ընդհանրապես չեն լինելու։ Ակնկալվում էր, որ պահպանողականները ջախջախիչ հաղթանակ պետք է տանեին: Բայց երբ ԱՄՆ նախագահ Թրամփը սկսեց Կանադայի դեմ արտահայտվել, թե այն չպետք է երկիր լինի, կանադացիները բարկացան։ Կարծես Թրամփն է որոշելու, որը երկիր լինի, որը ոչ։ Նման հայտարարությունները բարկացրին կանադացիներին, և նրանք որոշեցին ընտրել այնպիսի վարչապետի, որը կկարողանա լեզու գտնել Թրամփի հետ։ Հենց այս ամենով պայմանավորված՝ ընտրությունների ընթացքը փոխվեց»,- նշել է Միրաքյանը։
Վերջինիս խոսքով՝ Թրամփի հետ լեզու գտնելու համար են կանադացիները որպես վարչապետ ընտրել հենց Մարկ Քարնիին։
«Թրամփը շնորհավորել է Քարնիին ընտրվելու առթիվ։ Ցանկություն են հայտնել դեմ առ դեմ հանդիպել, և քննարկել մի շարք հարցեր՝ կապված թե անվտանգային համակարգի, թե տնտեսության և առևտրի հետ։ Բայց Թրամփը մի օր մի բան է ասում, մեկ այլ օր՝ ուրիշ բան։ Եվ չգիտենք, նա երբ նորից կցանկանա, որ Կանադան դադարի լինել երկիր»,- ընդգծել է Միրաքյանը։