Որպեսզի Դոնբասը չկրկնի Ղարաբաղի ճակատագիրը, ՌԴ-ն առաջարկում է լիարժեք խաղաղություն կնքել․ Մեդինսկի
10 Հունիսի 2025, 13:51

Որպեսզի Դոնբասը չկրկնի Ղարաբաղի ճակատագիրը, Ռուսաստանն առաջարկում է կանգ առնել, լիարժեք խաղաղություն կնքել և ճանաչել նոր տարածքները։ Այս մասին RT-ի ամերիկացի լրագրող Ռիկ Սանչեսի շոուի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը Կիևի հետ ուղիղ բանակցություններում։
«Եթե դադարեցնենք հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով և չպայմանավորվենք իրական խաղաղության հարցում, պարզապես կնքենք ինչ-որ հրադադար (գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կար վիճելի տարածաշրջան՝ Ղարաբաղը), ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։
Որոշ ժամանակ անց Ուկրաինան, ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին, կփորձի այն հետ նվաճել, և դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ։ Այդ պատճառով մենք ցանկանում ենք կանգ առնել, լիարժեք խաղաղություն կնքել և ճանաչել նոր տարածքները», — ասել է նա։
Սակայն Մեդինսկու մեկնաբանությունը դուր չի եկել պաշտոնական Բաքվին, և Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը չի ուշացել։ Երկրի գերատեսչության հայտարարությունից հետևում է, որ այժմ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՆԱՏՕ-ի կամակատարը և իրականում Ուկրաինայի դաշնակիցը սահմանում է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականի լիազորությունները:
«Մենք խորհուրդ ենք տալիս պարոն Մեդինսկուն զերծ մնալ իր լիազորությունների շրջանակից դուրս հարցերի վերաբերյալ նման սխալ հայտարարություններով միջպետական հարաբերություններին վնաս հասցնելուց»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում: