Ոտնատակ են տալիս ժողովրդավարության վերջին մնացորդները. Ավետիք Չալաբյան

26 Հունվարի 2026, 17:25

Քաղաքականություն

Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին։ Այս մասին հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ օրենքում տեղ գտած ձևակերպումները բացարձակ կամայականության հնարավորություն են տալիս իշխանություններին:

Նրա պնդմամբ՝ օրենքում սահմանված չէ, թե կոնկրետ որ ժամանակահատվածի քարոզչությունն է հիմք հանդիսանալու դիտորդին չգրանցելու համար։

«Եթե դուք 5 տարի առաջ որևէ մեկի հասցեին քննադատական խոսք եք ասել, դա կարող է հիմք հանդիսանալ ձեզ չգրանցելու համար։ Սա աբսուրդ է և բացարձակ կամայականություն»,- նշել է Չալաբյանը:

Որպես օրինակ նա հիշեցրել է Վաղարշապատի ընտրությունների նախաշեմին տեղի ունեցած դեպքը, երբ իրենց բարձրաձայնած հանցագործության մասին հաղորդումը ԿԸՀ-ն փորձել է որակել որպես «հակաքարոզչություն» ՔՊ-ի թեկնածուի դեմ։

Չալաբյանը նաև տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանում բողոքարկելու նպատակով իրենց իրավաբանները վերլուծում են նախագիծը։ Քանի որ նախաձեռնությունն անմիջական բողոքարկող սուբյեկտ չէ, նրանք դիմելու են ՄԻՊ-ին, պատգամավորներին կամ ՀՀ նախագահին: «Ձեզ չի հաջողվելու գողանալ մեր քաղաքացիների քվեն»,- հավելել է Չալաբյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Ազգային ժողովում կայացած արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունվել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք վերաբերում են դիտորդական առաքելությունների գործունեությանը, հավատարմագրման կարգին, ֆինանսավորման բացահայտմանը, ինչպես նաև դիտորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների վարքագծի սահմանափակումներին։