«Ոտքի՛ ելեք, շարժվեք, շարունակեք պայքարել»․ Լուիս Մորենո Օկամպոն՝ սփյուռքահայությանը

02 Օգոստոսի 2024, 21:46

Կարծիք | Քաղաքականություն

Բաքվի կալանավայրերում գտնվող 23 հայերը հանցագործություն չեն կատարել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

«Կլիմայի փոփոխության վերաբերյալ հաջորդ համաժողովը կկայանա նոյեմբերին Բաքվում։ Միևնույն ժամանակ, Բաքվի կալանավայրերում գտնվում են 23 հայեր Լեռնային Ղարաբաղից։ Այնպես չէ, որ նրանք հանցագործություն են կատարել: Նրանք պարզապես մարդիկ են, առաջնորդներ Լեռնային Ղարաբաղից։ Այնպես որ, դա չէր կարող լինել: Աշխարհի բոլոր հայերը պետք է պահանջեն, որ ցեղասպանության զոհ դարձած հայերը պատանդ չպահվեն: Ինչո՞ւ են նրանք պատանդներ դարձել»,- ասել է Օկամպոն:

Նրա կարծիքով՝ սա ազդակ է արցախցիներին, որ վախենան ու երբեք չվերադառնան Լեռնային Ղարաբաղ, որովհետև կգերեվարվեն։

«Սա մեսիջ է բոլոր արցախցիներին՝ եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, կհայտնվեք բանտում. Ձեզ վրա կհարձակվեն, ձեզ կսպանեն։ Այդ իսկ պատճառով, այս 23 հոգու բանտում պահելը ուղերձ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Դրա համար մենք պետք է աշխատենք նրանց ազատ արձակելու ուղղությամբ։

Եվ խնդիրն այն է՝ Ադրբեջանում չկա դատական համակարգ, որ նրանց արդարացնի։ Հենց նույն ԱՄՆ Պետդեպարտամենտն է գնահատում ադրբեջանական համակարգը և ասում են, որ բանտերում մարդկանց տանջում են, խոշտանգում, իսկ անկախ դատավորներ չկան։ Այնպես որ, Ադրբեջանում անգամ մեկ դատավոր չի լինի, որ ասի՝ պարոն Ալիև, դուք պետք է ազատեք այս մարդկանց։ Հայկական սփյուռքը պետք է լսելի դարձնի իր ձայնն ամբողջ աշխարհում»,- նկատել է մեր զրուցակիցը:

Օկամպոն վստահ է՝ COP29-ին շատ կարևոր է կրկին բարձրացնել հայ գերիներին ազատ արձակելու պահանջը:

«Եթե դուք կարդաք լուրերը, ԼՂ-ն անհետացել է լրատվամիջոցներից, որովհետև հիմա մենք ունենք Գազա, ունենք Ուկրաինա, մենք այսօր այնքան հակամարտություններ ունենք աշխարհում: Բայց մենք պետք է հետ գնանք։ Նոյեմբերի կոնֆերանսը խնդրին վերադառնալու և խնդիրը պատշաճ ներկայացնելու հնարավորություն է։ Ոչ մի արդարացում չկա այդ մարդկանց այնտեղ լինելու համար: Ժամանակն է, որ հայերը պաշտպանեն հայերին: Վերջ»,- ասել է Լուիս Մորենո Օկամպոն:

Հիմա եթերում