Ուիթքոֆի այցը ցույց տվեց, որ «Անքորիջի ոգին» չի անհետացել․ Ալեքսեյ Մուխին
21 Հոկտեմբերի 2026, 22:30
Ռուս քաղաքագետ և միջազգային մեկնաբան Ալեքսեյ Մուխինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի այցը Սանկտ Պետերբուրգ՝ Ուկրաինայի շուրջ բանակցություններ վարելու նպատակով։
«Որևէ բեկում նախատեսված չէ։ Այժմ մենք քննարկում ենք որոշ տեխնիկական հարցեր, ավելի ճիշտ՝ ոչ թե մենք, այլ նախագահն է քննարկում։ Սակայն ամերիկացիները տնտեսական ոլորտում անընդհատ նոր ու հետաքրքիր առաջարկներ են ներկայացնում։ Թե ինչ առաջարկների մասին է խոսքը, չեմ կարող ասել»,- նշել է Մուխինը։
Alpha News-ի զրուցակիցն ընդգծել է, որ Ուիթքոֆի հերթական այցը Ռուսաստան խորհրդանշական բնույթ չի կրում, այլ միտված է առկա հարցերի մանրամասն մշակմանը։
«Սա միանգամայն բնական է և կոչվում է «մաքոքային դիվանագիտություն»։ Նման գործողություններն արդարացված են, քանի որ ցանկացած գործարք չի կարող իրականացվել մեկ ակնթարթում։ Մենք քննարկում ենք մանրամասներն ու տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև փոփոխվող իրավիճակը, քանի որ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում խնդիրներ ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման, բանակցային գործընթացի և տնտեսական կապերի վերականգնման հարցերում։
Դուք գիտեք, որ ամերիկացի կոնգրեսականները փորձում են կանգնեցնել այս գործընթացը և նույնիսկ հետ շրջել այն։ Հետևաբար, մենք պետք է համաձայնեցնենք այն ամենն, ինչ հնարավոր է»,- նշել է փորձագետը։
Ալեքսեյ Մուխինը լավատեսորեն է գնահատել բարձրաստիճան հյուրի այցը Ռուսաստան՝ ընդգծելով, որ Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս արդիական են։
«Անքորիջի ոգին չի անհետացել։ Դոնալդ Թրամփը ցույց է տալիս, որ հավատարիմ է Անքորիջի ոգուն՝ անկախ նրանից, թե ինչ է ասում Մարկո Ռուբիոն՝ նրա նկատմամբ ունեցածս ողջ հարգանքով հանդերձ։ Տրամադրվածությունը դրական է, քանի որ, դատելով ամեն ինչից, ամերիկյան կողմը վերջապես հասկացել է, թե ով է Վլադիմիր Զելենսկին և ինչ դեր ունի նա բանակցային գործընթացի տապալման գործում»,- ընդգծել է քաղաքագետը։