Ուժեղ դիվանագիտության միջոցով պետք է կանխվեն բոլոր սպառնալիքները Հայաստանի համար. Արթուր Դանիելյան

19 Մարտի 2026, 21:30

Հայեր

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրապարակել է իր անվտանգության ծրագիրը, որը բաղկացած է 6 դրույթից: Դրանք են՝ ուժեղ դիվանագիտությունը, ուժեղ բանակը, պաշտպանված երկինքը, խելացի սահմանը, արժանապատիվ ծառայությունն ու տեղական ռազմաարդյունաբերությունը։

Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավագիտության թեկնածու Արթուր Դանիելյանի հետ։

Նրա խոսքով՝ ուժեղ դիվանագիտությունը նպաստելու է խաղաղության և անվտանգության կայացմանը Հայաստանում։

«Ինչո՞ւ է հենց առաջին կետով նշված ուժեղ դիվանագիտությունը, որովհետև աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում առաջնահերթը մեզ համար հենց ուժեղ դիվանագիտություն ունենալն է։ Դիվանագիտության միջոցով է, որ պետք է կանխվեն և նախականխվեն բոլոր տեսակի սպառնալիքները Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ դիվանագիտության արդյունավետ կիրառումը պետք է ամրապնդված լինի նաև ներքին ռազմական ուժով։ Այսինքն՝ դու պետք է ունենաս բավական պաշտպանական ամուր համակարգ, որպեսզի դիվանագիտական դիրքերը նույնպես կարողանաս ամուր պահել»,- նշել է Դանիելյանը։

Վերջինիս խոսքով՝ 21-րդ դարում պետք է կիրառվեն ժամանակներին համահունչ տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան սահմանների վրա ունենալ ավելի քիչ ֆիզիկական ներկայություն։

«Պետք է ձևավորվեն կանխող և նախականխող համակարգեր, սահմանները պետք է հագեցված ու կահավորված լինեն նորարարական տեխնոլոգիաներով, որոնք թիրախ չեն դարձնի մեր զինծառայողներին»,- եզրափակել է Արթուր Դանիելյանը։