Ուրուգվայի նոր նախագահի հիմնական շեշտադրումն աղքատության վերացման հարցն է. Կարամանուկյան

05 Մարտի 2025, 21:55

Քաղաքականություն

Մարտի 1-ին տեղի է ունեցել Ուրուգվայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Յամանդու Օրսին ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը: Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Արաքս» ռադիոկայանի տնօրեն Դիեգո Կարամանուկյանի հետ:

«Յամանդու Օրսին ներկայացնում է Ուրուգվայի «Լայն ճակատ» կուսակցությունը, որը, կարելի է ասել, ամենամեծն է երկրում: Իշխանափոխություն տեղի է ունեցել ժողովրդավարական սկզբունքներով: Նախկին նախագահն՝ աջակողմյան Լուիս Լակաժեն, իշխանությունը շատ հանգիստ ձևով է հանձնել Յամանդու Օրսիին: Ինչու եմ սա նշում, քանի որ Ուրուգվայը համարվում է Հարավային Ամերիկայի ամենաժողովրդավար երկրներից մեկը: Յամանդու Օրսին հայտնել է, որ առաջնային զբաղվելու է աղքատների վիճակի բարելավմամբ և հասարակական հարցերի լուծմամբ: Նշեմ, որ նախագահի երդմնակալության արարողությանը ներկա էր նաև Հայաստանի նախագահը»,- պատմել է Կարամանուկյանը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ձախակողմյան ուժի հաղթանակը, նա նշել է.

«Գրեթե կես միլիոն մարդ չէր կարող երկար ապրել այն աշխատավարձով, որ տալիս էին նախկին իշխանությունները: Եղել են կաշառակերության դեպքեր, աղմկահարույց իրադարձություններ, որոնք նույնպես ազդել են իշխող կուսակցության կամ կոալիցիայի իմիջի վրա: Օրսին 90.000 քվեով առաջ է անցել և հաղթել, բայց նրա իշխանության գալով՝ Ուրուգվայի պետական կուրսը չի փոխվելու: Նույնիսկ նոր կառավարությունը մեծամասնություն չի կազմում Խորհրդարանի ստորին պալատում»,- եզրափակել է Կարամանուկյանը: