Պահանջեցինք, որ մինչև հայ գերիների վերադարձը, Շվեդիան դադարեցնի Ադրբեջանի հետ շփումը. Մարտիրոսյան

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Բաքվում պահվող հայ ռազմագերիների։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է ակցիայի կազմակերպիչ Արփինե Մարտիրոսյանի հետ։

«Ակցիան տեղի է ունեցել Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Մենք բարձրաձայնել ենք Բաքվում պահվող հայ գերիների հարցը, և պահանջել, որ Շվեդիան միջոցներ ձեռնարկի գերիների վերադարձի համար։ Պահանջել ենք, որ Շվեդիան անմիջապես դադարեցնի բոլոր համագործակցությունները Ադրբեջանի և նրա ղեկավարի հետ, քանի դեռ մինչև վերջին մարդը չի վերադարձել Բաքվից»,- նշել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ անցորդները արձագանքում էին ակցիային, մոտենում և հարցեր տալիս։

«Որևէ հստակ արձագանք չեղավ, բայց անցորդները մոտենում էին, հարցնում՝ ինչ է կատարվել։ Ոմանք Ռուբեն Վարդանյանին ճանաչում էին, և պաստառների վրա կային QR կոդեր, նկարում էին, որ կարդան՝ ինչ է տեղի ունեցել։ Պաստառների վրա գրված էր «Ազատություն բոլոր ռազմագերիներին», «Ալիևը պատերազմի հանցակից է», «Դադարեցրեք համագործակցությունը Ադրբեջանի և Ալիևի հետ»»,- եզրափակել է Մարտիրոսյանը։