570 վթար՝ պարեկների մասնակցությամբ․ ծառայությունից ազատումներ չեն եղել
27 Հուլիսի 2026, 20:22
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վերջին 1.5 տարում գրանցվել է 570 պատահար, սակայն դրանց հետևանքով կարգապահական տույժի է ենթարկվել ոստիկանության ընդամենը 93 ծառայող։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնել են, որ տեղի ունեցած 570 պատահարից 374-ը գրանցվել է 2025 թվականին, իսկ 196-ը՝ 2026 թվականին։ Վթարների հետևանքով վնասվել է 570 ավտոմեքենա, որոնցից 4-ը ճանաչվել են հետագա շահագործման համար ոչ պիտանի։
«Վնասված մեքենաները նորոգելու նպատակով ապահովագրական ընկերությունների կողմից վերանորոգող կազմակերպություններին վճարվել է 259,750,546 ՀՀ դրամ, որից 209,363,339 դրամը՝ 2025 թվականին, իսկ 50,387,207 դրամը՝ 2026-ին։ ՆԳՆ պարեկային ծառայության կարիքների համար 2025-2026 թթ. ընթացքում նոր մեքենաներ չեն ձեռք բերվել»,- նշել են նախարարությունից։
Անդրադառնալով ծառայողների պատասխանատվության հարցին՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ 2026 թվականի հունիսի 25-ի դրությամբ իրականացված 59 ծառայողական քննության արդյունքներով կարգապահական տույժի է ենթարկվել 19 պարեկ։ Իսկ 2025 թվականի ընթացքում իրականացվել է 133 ծառայողական քննություն, որոնց արդյունքներով կարգապահական տույժ է կիրառվել 74 ծառայողի նկատմամբ։
«Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ծառայողական քննությունների արդյունքներով պարեկային ծառայության որևէ աշխատակից աշխատանքից չի ազատվել»,- ամփոփել են ՆԳՆ-ից։