Փարիզի Քաղաքային խորհուրդը Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին Բանաձև է ընդունել

10 Հունիսի 2023, 09:20

Հայեր | Քաղաքականություն

Փարիզի Քաղաքային խորհուրդը 2023 թվականի հունիսին ընդունել է Բանաձև Արցախի բնակչությանը կամ Արցախից Հայաստան տեղահանվածներին շտապ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ։

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝

Բանաձևում, մասնավորապես, նշվում է․

«Հաշվի առնելով, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շուրջ 120․000 բնակչությունը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր կտրված է արտաքին աշխարհից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով, որտեղով միայն շտապ մարդասիրական օգնության եզակի բեռներ են տեղափոխվում,

հաշվի առնելով Ադրբեջանի կողմից շրջափակման ենթարկված բնակչությանն աջակցելու կենսական հրատապությունը և այս ոլորտում արդեն իսկ փորձ ունեցող ֆրանսահայ կազմակերպությունների առկայությունը, որոնք կարող են Հայաստանում ձեռք բերել Արցախի բնակչության կարիքներին համապատասխան չփչացող պարենային մթերքներ և այն ուղղորդել հասցեատիրոջը,

հաշվի առնելով, որ 2020 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզի Քաղաքային խորհուրդը կողմ է քվեարկել մի բանաձևի, որով կոչ է անում Ֆրանսիային ճանաչել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը և դիմում է ֆրանսիական տեղական ինքնակառավարման այլ մարմիններին՝ Արցախի բնակչությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու կոչով,

հաշվի առնելով, որ Փարիզի քաղաքապետը բազմիցս հիշեցրել է Փարիզի քաղաքապետարանի օժանդակության մասին՝ ուղղված հայ ժողովրդին, անկախ նրանց բնակության վայրից, և վերջին անգամ անդրադարձը եղել է 2023 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ,

հաշվի առնելով, որ Փարիզի քաղաքապետարանն ավանդույթ ունի աջակցել մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման զոհ դարձած բնակչությանը և ահազանգել հումանիտար ծայրահեղ դրության մասին,

հաշվի առնելով, որ Երևանն անդամակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիային, որի անդամ են նաև հայկական համայնքներ ունեցող մի շարք այլ քաղաքներ, հաշվի առնելով, որ Փարիզի քաղաքապետարանի համար վճռորոշ է ևս մեկ անգամ աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին,

Գործադիրի առաջարկով Փարիզի Քաղաքային խորհուրդը հայտնում է իր ցանկությունը, որպեսզի Փարիզի քաղաքապետն իրավունք ունենա դիմել Ֆրանսիայի այլ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքներին՝ խնդրելով նպաստել շտապ մարդասիրական օգնությանը, որը որևէ կազմակերպության միջոցով մարդասիրական բեռնատարների շարասյունով չփչացող պարենային մթերքներ կհասցնի Արցախի բնակչությանը և ՀՀ-ում ապաստանած փախստականներին»:

Հիմա եթերում