Փարիզում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացնում գնաճի դեմ

14 Նոյեմբերի 2026, 19:30

Միջազգային

Փարիզում զանգվածային ցույց է անցկացվում։ Մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու գների աճի և նախորդ ցույցերի մասնակիցների նկատմամբ իրավապահների կողմից բռնության կիրառման դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Բոլորս միասին՝ ընդդեմ դաժանության», «Մեր երեխաների կյանքն ավելի թանկ է, քան նրանց շահույթը», «Հարկեր՝ հարուստների համար»․ այս և բազմաթիվ այլ կարգախոսներ են միավորել հսկայական բազմությանը, որը շարժվում է Հանրապետության հրապարակից դեպի Ազգի հրապարակ։

Բողոքի հիմնական պատճառներից մեկը խորհրդարանի քննարկմանը ներկայացված օրինագիծն է, որով առաջարկվում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից զենքի կիրառումը համարել օրինական, քանի դեռ հակառակը չի ապացուցվել։

SAVE ասոցիացիայի ներկայացուցիչ Իսամ էլ-Խալֆաուին լրագրողներին հայտնել է, որ այս օրենքը կբարդացնի ոստիկանների կամ ժանդարմերիայի աշխատակիցների կողմից հնարավոր իրավախախտումների հետաքննության ընթացակարգը, ինչի հետևանքով դրանք ապացուցելը ևս ավելի կդժվարնա։ Նրա խոսքով՝ առանց հետաքննության անցկացման հնարավոր չի լինի բողոքարկել դրա արդյունքները։

Երթի մասնակիցների թվում մեծ թիվ են կազմում ուսանողական միավորումների ներկայացուցիչները, սակայն ներկա են նաև բազմաթիվ ակտիվիստներ՝ ձախ քաղաքական կուսակցությունների և շարժումների դրոշներով։

Գների աճից և բռնություններից բացի՝ ուսանողական և աշակերտական միավորումների ներկայացուցիչները դատապարտել են նաև օտարերկրյա ուսանողների համար որոշ արտոնությունների վերացումը և բուհերում սովորող ուսանողների կրթաթոշակների անբավարար չափը։

«Մենք հանդես ենք գալիս բոլորի համար կրթության հավասար հասանելիության, բնակարանով, սննդով և բժշկական օգնությամբ ապահովելու օգտին։ Որպեսզի յուրաքանչյուրը կարողանա սովորել արժանապատիվ պայմաններում, անհրաժեշտ է նաև վերանորոգել ուսումնական հաստատությունների շենքերը և վերջ տալ այն իրավիճակին, երբ տանիքները բառացիորեն փլվում են մեր գլխին»,- երթի մեկնարկից առաջ հայտարարել է Union étudiante ուսանողական միավորման ներկայացուցիչ Սաբրինա Հարբաշը։

Նոյեմբերի 5-ին արհմիությունների կազմակերպած զանգվածային ցույցի համեմատ՝ այսօրվա բողոքի ակցիան ավելի սակավամարդ է։