Փաշինյան․ Ադրբեջանն իր քարտեզներում Արծվաշենը ներկայացնում է որպես անկլավ
09 Հուլիսի 2026, 13:49
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի և անկլավների թեմայի շուրջ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշ մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական պաշտոնական խորհրդանիշներում ու փաստաթղթերում առկա քարտեզագրական նրբությունների վերաբերյալ։
Նա նշել է, որ այս փաստերը կարող են էական նշանակություն ունենալ երկկողմ բանակցություններում և հայկական կողմի դիրքորոշումների հստակեցման հարցում։
Փաշինյանն ընդգծել է, որ ինքը ևս վերջերս է նկատել այդ քարտեզագրական առանձնահատկությունը, որտեղ Արծվաշենն ակնհայտորեն տարանջատված է Ադրբեջանի տարածքից։
«Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը որպես անկլավ արձանագրված է։ Սա շատ կարևոր նրբություն է։ Արծվաշենը առանձին նշված է ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին դե յուրե չպատկանող տարածք։ Նույնն էլ անձնագրերի մեջ է, այդ նույն կերպով արտահայտված»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է առաջնորդվի համանման սկզբունքով՝ հիմք ընդունելով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Կարծում եմ՝ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմաթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք։ Որովհետև դա է բխում պայմանավորվածություններից և նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից այն փաստացի ընտրություններով արժանացել է հավանության»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։