Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց․ ի՞նչ են քննարկել ղեկավարները
27 Հուլիսի 2026, 19:44
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական փոխգործակցությունում ի հայտ եկած խնդիրների շուրջ։
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են ինչպես երկկողմ իրավապայմանագրային շրջանակին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարգավորումներին։ Նա ռուսական կողմին խնդրել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ։
Անդրադառնալով ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների՝ սույն թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության մեջ տեղ գտած դիտարկմանը՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը պարզաբանել է, որ նման հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար, և թեման ստանա առարկայական բնույթ։
Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետը շեշտել է Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը՝ բոլոր նշված հարցերը լուծելու բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով։