Փաշինյանի «բարի» և «չար» «ոստիկանները»

07 Նոյեմբերի 2023, 23:00

Քաղաքականություն

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

(Բաքուն պահանջում է 8 գյուղ, իսկ Հայաստանը կրկին բոյկոտում է ԱՊՀ-ն)

Ինչպես և սպասվում էր, «կուլ տալով Արցախը», պաշտոնական Բաքուն ոչ միայն չթուլացրեց ճնշումը պաշտոնական Երևանի վրա, այլև անցավ ոչ միայն տարածքային պահանջներ հայտնելու Հայաստանին, այլև վերջնագրի ձևով սկսեց նախապայմաններ առաջադրել բանակցային գործընթացի շարունակման վերաբերյալ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում վերջնագրի տեսքով Հայաստանից պահանջել է 8 «օկուպացված» գյուղ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոյեմբերի 9-ի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստանն ընտրել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին խոչընդոտելու ճանապարհը՝ «շարունակելով ռազմաքաղաքական սադրանքները»։ Հայաստանը չի փոխանցել նաև Ադրբեջանին «8 ադրբեջանական գյուղեր», որոնք դեռևս «օկուպացված» են»։

Ինչպես բազմիցս նշվել է, պաշտոնական Բաքուն չի բավարարվի միայն Արցախը կլանելով, և այսօր բացահայտորեն պահանջում է վերահսկողություն 8 գյուղերի նկատմամբ, որոնց մասին հարցը նախկինում երբևէ չի բարձրաձայնվել բանակցային գործընթացում։

Դատելով Ադրբեջանի խորհրդարանում՝ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների «իրենց տներ» «վերադարձի» թեմայով լսումների ակտիվությունից, դատելով «էլեկտրոնային քարտեզի» ի հայտ գալուց, որը ցույց է տալիս, որ «Հայաստանի տարածքում 93 բնակավայրեր պետք է վերանվանվի ադրբեջանական կողմի պահանջներին համապատասխան», այսօր արդեն պարզ է, թե որն է լինելու Ադրբեջանի նոր պահանջը:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը սրան ի պատասխան։

Տրամաբանական կլինի ենթադրել, որ նա աշխատում է դիվանագիտական դաշտում՝ փորձելով ամրապնդել իր հարաբերությունները բնական դաշնակից Իրանի հետ, որը բազմիցս ասել է, որ թույլ չի տա փոփոխություններ տարածաշրջանի պետությունների սահմաններում։

Տրամաբանական կլինի ենթադրել, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Երևանի վրա աճող ճնշումների ֆոնին, որոնք վճռականորեն պաշտպանում են Ադրբեջանի բոլոր նախապայմանները, Հայաստանը պետք է իրավիճակը կայունացնելու և ռազմաքաղաքական հավասարակշռությունը վերականգնելու համար ընդուներ ՀԱՊԿ-ի օգնություն և դիտորդների տեղակայեր Ադրբեջանի հետ սահմանին (հնարավոր է նույնիսկ խաղաղապահների), ինչպես նաև հարթեր Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրները։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ պաշտոնական Երեւանը, նույնիսկ Ադրբեջանի կողմից աճող ճնշման ֆոնին, շարունակում է լարել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։

Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հաջորդ նիստին, նիստն կկայանա նոյեմբերի 8-ին Մոսկվայում: ԱՊՀ-ի հովանու ներքո անցկացվող հերթական միջոցառման բոյկոտը հատկապես ուշագրավ է այն հանգամանքով, որ օրեր առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոստացել էր «բարեկամական մթնոլորտում լուծել Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրները»։

Մի շարք ռուս փորձագետներ և մի շարք ռուսական լրատվամիջոցներ նույնիսկ հասցրել են արձագանքել Միրզոյանի հայտարարությանը, ով նշել է, որ «միգուցե Միրզոյանի խոսքերի հետևում թաքնված է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն սկսելու Հայաստանի ցանկությունը»։ Իրականությունն այն է, որ Փաշինյանը շարունակում է աշխատել Ռուսաստանի Դաշնության հետ «բարի» և «չար» ոստիկանի սկզբունքով։ Արդեն ավանդույթ է դարձել, որ Միրզոյան Արարատը հայտարարություններ է անում, որոնք որոշակիորեն մեղմացնում են հակասությունները Ռուսաստանի Դաշնության հետ, մինչդեռ նույն ԱԽ քարտուղարրը ցույց է տալիս Փաշինյանի կառավարության իրական առաջնահերթությունները։

Այսպես, ապրիլի 13-ին Գրիգորյանը հարցազրույց է տվել հայկական լրատվամիջոցներից մեկին, որտեղ հայտարարել է, որ 2022 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին առաջարկվող օգնության նախագծում սպառազինության աջակցություն չէր նախատեսվում։ Իսկ ահա դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ ՀԱՊԿ-ի առաջարկած փաստաթղթերի բովանդակությանը հայտարարել էր, որ քննարկվող որոշման մեջ դիտարկվում էր նաեւ Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը։

Ռուսաստանի հետ այս «մուկն ու կատու» խաղը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Ամեն ինչ այդքան անհանգստացնող չէր լինի, եթե կորցնելովՌուսաստանին որպես դաշնակցի, Հայաստանի իշխանություններն առաջարկեին իրական այլընտրանք, բացի ֆրանսիական 3 ռադարներից, որոնք «Ֆրանսիայի հայ համայնքի ճնշման ներքո վաճառվեցին Երևանին» կամ երկիրը թուրքական վիլայեթ վերածելու արհավիրքից բացի այլ այլընտրանք: Սակայն նման այլընտրանք չկա, և Փաշինյանը գնում է Ժիրայր Լիպարիտյանի թեզերը իրականացնելու ճանապարհով, ով Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հայ հասարակությանը համոզում էր, որ Հայաստանը պետք է «ապավինի Թուրքիայի ողորմածության վրա», քանի որ հայերն այլևս չունեն դաշնակիցներ:

Ով նաև կարծում է, որ «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունները «պատասխան են Հայաստանի կողմից իրականացված 25 տարվա օկուպացման և նվաստացմանը»։

Ադրբեջանն այսօր պահանջում է 8 գյուղ, ինքներդ Ձեզ հարց տվեք, թե վաղն ի՞նչ է պահանջելու, եթե այս պահանջը բավարարվի։