Փաշինյանի՝ հանրաքվեի վերաբերյալ հայտարարությունները հակասական են․ ՌԴ ԱԳՆ
11 Օգոստոսի 2026, 10:29
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու հարցով հանրաքվեի վերաբերյալ՝ դրանք անվանելով հակասական։
«Հայաստանի Սահմանադրության 205-րդ հոդվածը նախատեսում է, որ նման հանրաքվեն պետք է նախաձեռնվի հենց կառավարության կողմից։ Սակայն 2025 թվականին, երբ քննարկվում էր «Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, հայկական կողմը պնդում էր, որ դրա ընդունումը հանրաքվե չի պահանջում, քանի որ այն ընդամենը քաղաքական հռչակագիր է։ Այժմ էլ լսում ենք, որ հունիսյան ընտրությունների արդյունքներն ինքնին վկայում են եվրոպամետ ուղու հանրային աջակցության մասին, և կրկին հանրաքվեի անհրաժեշտություն չկա», — նշել է դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հանդես է եկել «հակադիր և խճճված հայտարարություններով»՝ միաժամանակ ընդունելով, որ «Հայաստանին առայժմ ոչ ոք չի հրավիրել ԵՄ, և հնարավոր է՝ երբեք էլ չդառնա միության անդամ»։
«Արդեն իսկ շատ բան է ասվել, սակայն դա որևէ կերպ հստակություն չի մտցրել»,- հավելել է Գալուզինը։
Նա ընդգծել է, որ հենց այդ պատճառով Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները հայտարարել են՝ անհրաժեշտ է պարզել Հայաստանի քաղաքացիների կարծիքը։
«Ընդ որում՝ ոչ թե վերացական-տեսական իմաստով (ցանկանո՞ւմ եք անդամակցել ԵՄ-ին), այլ գործնական հարցադրմամբ՝ պատրա՞ստ եք հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից՝ հանուն ապագայում ԵՄ-ին միանալու ոչ այնքան ակնհայտ հեռանկարի։ Հենց այս ձևակերպումն է առավել ազնիվ թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թե՛ ԵԱՏՄ մյուս անդամների նկատմամբ»,- ասել է Գալուզինը։
Վերջին շրջանում Երևանը հայտարարում է Եվրոպական միության հետ ինտեգրման ուղեգծի մասին։ 2025 թվականի մարտի 26-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և, քանի դեռ հնարավոր է, ձգտում է համատեղել կազմակերպությունում անդամակցությունն ու ԵՄ-ի հետ ինտեգրումը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ նշել էր, որ ԵՄ-ին անդամակցությունն ինքնաբերաբար նշանակում է ԵԱՏՄ-ի հետ համագործակցության դադարեցում և այդ անդամակցությունից բխող արտոնությունների կորուստ։
Հիշեցնենք նաև, որ 2025 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ ընդգծելով Հայաստանում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։