Փաշինյանի վարքագիծը եկեղեցու նկատմամբ կարող է բախումների առիթ դառնալ. Արա Զոհրաբյան

2018 թվականից հետո արձանագրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական սահմաններ է հատում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Եթե հիշում եք, սիրո և համերաշխության ֆոնով Նիկոլ Փաշինյանը դատարանների շրջափակման կոչ էր անում, ինչը սահմանադրության և օրենքի խախտում է։ Շրջափակումը տեղի ունեցավ, և նա մարսեց դա, դրան չհաջորդեցին քրեական պատասխանատվության գործընթացներ»,- ասել է Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն արհեստական օրակարգով շեղում է, բայց այդ օրակարգը հեռուն գնացող նպատակ ունի։

«Բարոյական սահմաններից բացի, նա հատել է նաև իրավական սահմանները։ Լինելով հանրային պաշտոն զբաղեցնող անձ՝ նա իրավունք չուներ այդպիսի լկտի արտահայտություններ թույլ տալ։ Նա լավ գիտի, որ այս գործընթացները տանելու են բախումների»,- նշել է փաստաբանը։

Արա Զոհրաբյանի կարծիքով՝ կլինեն մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի հրահրմամբ կփորձեն Վեհարանի վրա ճնշում գործադրել։

«Փաշինյանի հիմնական թիրախը եկեղեցու ինքնակառավարման համակարգն է։ Լավ գիտենք, որ եկեղեցին հարյուրամյակներ շարունակ առանց պետության հովանավորությամբ պահել է մեր ինքնությունը, և հենց ինքնակառավարման համակարգի շնորհիվ է, որ հասել ենք մեր օրեր։ Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է կաթողիկոսին փոխելու մասին, սա ուղիղ անարգանք է եկեղեցու ինքնակառավարման համակարգի նկատմամբ և հակաիրավական վարքագիծ, որը կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենալ, օրինակ, բախումների առիթ դառնալ։ Նա լավ հասկանում է, որ եկեղեցին այն «կարմիր գիծն» է, որը շատերին գործողությունների կմղի։ Որևէ ռացիոնալ մարդ այս խառը ժամանակներում չի մտնի եկեղեցու դեմ պատերազմի մեջ, բայց նա, կարծես, դիտավորյալ այդ գիծն է պահում»,-հավելել է փաստաբանը։

Հիմա եթերում