Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո գերմանահայ կառույցները չեն ցանկանում նրա հետ հանդիպել. Լուլուկյան

18 Փետրվարի 2025, 11:45

Քաղաքականություն

Փետրվարի 16-ին Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումից մի քանի ժամ անց Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը բացառիկ տեղեկություններ է հայտնել, ըստ որի, ոչ մի պաշտոնական կազմակերպություն ներկա չի եղել Փաշինյանի հետ հանդիպմանը:

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանի հետ:

«Այո, այդ օրը Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա չեն գտնվել Գերմանիայում կարևորագույն կառույցները, կան տասնյակ կազմակերպություններ, և նրանցից ևս ոչ մեկը չի եղել հանդիպմանը: Չի մասնակցել նաև Հայոց թեմը, նրա 16 եկեղեցական միությունները, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը կամ նրա անդամ համայնքի կազմակերպություններից որևէ մեկը, և այսպես շարունակ: Փոխարենը հանդիպմանը ներկա են գտնվել Մյունխենի հայ համայնքի նախկին նախագահը, ինչպես նաև Մյունխենի համայնքի վարչության անդամները, որոնցից 2-3 հոգուն եմ ճանաչում: Եթե հակիրճ ասենք՝ ոչ մի պաշտոնական կազմակերպություն ներկա չի եղել այդ հանդիպմանը»,- ասել է Լուլուկյանը:

Խոսելով Փաշինյանի նկատմամբ Գերմանիայի հայ համայնքի վատ վերաբերմունքի պատճառների մասին՝ նա նշել է.

«Պատճառներից մեկը Ցեղասպանության հարցը կասկածի տակ դնելն է: Սա բոլոր կարմիր գծերի հատումն էր: Թերևս այն կառույցները, որոնց հետ ես շփվել եմ, նշել են, որ այդ ահավոր հայտարարությունից հետո չեն ցանկանում Փաշինյանի հետ հանդիպել: Հանդիպման բոլոր մասնակիցների նկատմամբ էլ հարգանք ունեմ, բայց Փաշինյանի ներկայացրած «Գերմանիայի հայ համայնքի» հետ հանդիպումը իրականությանը չի համապատասխանում: Եվ վերջինիս ցուցադրած կադրերը, հանդիպումներից լուսանկարները բեմականացում են: Ըստ էության՝ պարոն Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների և այս ամենն արշավ է: Բոլորս էլ գիտենք, որ նրա վարկանիշը ցածր է, և նման մեթոդներով փորձում է վարկանիշը բարձրացնել»: