Փաշինյանի վերընտրվելու դեպքում Հայաստանը կարող է բախվել գազի թանկացմանը․ Մալեկ Դուդակով
31 Մայիսի 2026, 20:00
Քաղաքագետ-ամերիկագետ Մալեկ Դուդակովը Alpha News-ին մեկնաբանել է Արևմուտքի ազդեցությունը Հայաստանում սպասվող ընտրությունների վրա՝ նշելով, որ դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ երկրի համար։
«Ինչպես հայտնի է, ոչ վաղ անցյալում Հայաստան էր այցելել ԱՄՆ փոխնախագահ Վենսը, Երևանում անցկացվեց խոշոր եվրոպական գագաթնաժողով, իսկ վերջին կարևոր իրադարձությունը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցն էր։ Այդ այցի ընթացքում ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին հուշագիր, սակայն արմատական փոփոխություններ, ըստ էության, տեղի չեն ունենում։
Թեև ԱՄՆ-ն խոստացել է Հայաստանին մատակարարել սպառազինություն, պետք է հասկանալ, որ մեծածավալ ռազմական մատակարարումների համար անհրաժեշտ է նաև Կոնգրեսի հավանությունը, իսկ այնտեղ ոչ բոլորն են պատրաստ նման որոշում ընդունել։ Իհարկե, հայկական լոբբին ազդեցություն ունի ամերիկյան քաղաքականության մեջ, սակայն կան նաև հակառակ ազդեցության խմբեր, մասնավորապես՝ թուրքական լոբբին, որը, անկասկած, կփորձի խոչընդոտել այդ գործընթացներին։
Այս ամենը հիմնականում օգտագործվում է տեղեկատվական և քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից՝ Փաշինյանի դիրքերն առաջիկա ընտրություններից առաջ ամրապնդելու նպատակով։ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ամբողջ Արևմուտքն իր կողքին է։ Ընտրողներին փոխանցվող ուղերձն այն է, որ եթե նա վերընտրվի արդեն երրորդ վարչապետական ժամկետով, ապա Հայաստանի առջև կբացվեն եվրաինտեգրման և Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման լայն հնարավորություններ։
Սակայն բոլորին ակնհայտ է, որ ներկայումս ոչ ոք չի պատրաստվում Հայաստանին ընդունել Եվրամիություն։ Հետևաբար, եթե նման հեռանկար ընդհանրապես գոյություն ունի, ապա միայն շատ երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Դուդակովը։
Փորձագետի խոսքով՝ եվրաինտեգրման ուղղությամբ շարժվելով՝ Փաշինյանը կարող է բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ Մարկո Ռուբիոյի այցը Երևան վկայում է Արևմուտքի մտահոգության մասին՝ կապված Փաշինյանի հնարավոր պարտության հետ։
«Ինչպես տեսնում ենք, արդեն տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում խնդիրներ են առաջանում, և ռուսական շուկան աստիճանաբար փակվում է հայկական ապրանքների համար։ Ակնհայտ է նաև, որ Փաշինյանի վերընտրվելու դեպքում Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կբախվի գազի գների աճի, քանի որ ներկայումս այն Ռուսաստանից ստանում է արտոնյալ պայմաններով։
Այս բոլոր ապրանքներն ու էներգակիրները փոխարինելը չափազանց բարդ կլինի։ Հետևաբար, Հայաստանի առաջիկա ընտրությունները, ամենայն հավանականությամբ, ճակատագրական նշանակություն կունենան։
Ընդհանուր առմամբ, ես չէի ասի, որ Մարկո Ռուբիոյի այցը լուրջ ազդեցություն ունի հայ-ռուսական կամ նույնիսկ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Ավելի շուտ, դա կարևոր ցուցիչ է այն բանի, թե որքան մտահոգված են Արևմուտքում Փաշինյանի հնարավոր պարտությամբ։ Քանի որ եթե նա պարտվի, ապա ԱՄՆ-ի և եվրոպական բազմաթիվ երկրների դիրքերը Հարավային Կովկասում զգալիորեն կթուլանան»,- եզրափակել է Դուդակովը։