Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման
19 Հունվարի 2026, 17:32
Հայտնի են Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի 2026 թվականի մրցանակակիրները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։ Մրցանակի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը արժանանում է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։ Այն ընդգծում է, որ հաշտեցումը մեկանգամյա գործողություն չէ, այլ՝ շարունակական և հետևողական ուղի։
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամն ընդգծել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարունակական, հետևողական և սկզբունքային ջանքերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Մրցանակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհանձնվի փետրվարին՝ Աբու-Դաբիում։