Փաշինյանն ԵՊՀ-ում ասաց՝«երբ կորցրեցինք Արցախը, վերջապես ձեռք բերեցինք անկախություն ՀՀ-ի համար». Շամրիկյան
03 Հունիսի 2025, 21:30
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Երևանի պետական համալսարան՝ ուսանողներին ու դասախոսներին ներկայացնելով «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը: Ներկա ուսանողների շարքերում էր նաև ԵՊՀ Միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Հովհաննես Շամրիկյանը:
Alpha News-ի հետ զրույցում Շամրիկյանը մանրամասներ է հայտնել հանդիպումից:
«Վարչապետից հետաքրքվել եմ՝ արդյոք 2018թ-ին կգնար հեղափոխության, եթե իմանար, որ ամեն բան այսպես է դասավորվելու, նա պատասխանեց՝ այո, և ես նրա աչքերում նույն վստահությունը տեսա, և հասկացա՝ նա մի կաթիլ անգամ չի փոշմանել: Ես իմ խոսքում ասել եմ, որ «Իրական Հայաստան»-ի գաղափարի մասին իր տեսակետների, ինչպես նաև իր՝ Արցախի և Հայոց ցեղասպանության դիրքորոշման հետ համաձայն չեմ: Այնուհետև հետաքրքրվել եմ՝ ուսանող ժամանակ էլ նույն տեսակետներն ուներ, որին պատասխանել է. «Ես նույնիսկ այն Նիկոլ Փաշինյանը չեմ, որ եղել եմ մեկ շաբաթ առաջ»»,- պատմել է Շամրիկյանը։
Նրա խոսքով՝ հանդիպումն ինչ-որ պահի վերածվել էր Փաշինյանի մենախոսությանը, որի արդյունքում տրվել է էմոցիաներին:
«Նա ևս մեկ մտահոգիչ բան ասաց, թե երբ կորցրեցինք Արցախը, վերջապես ձեռք բերեցինք անկախություն ՀՀ-ի համար: Բայց թույլ չտվեց արձագանքել, այլ խնդրեց թույլ տալ խոսքն ավարտել: Եվ ես թե այդ, թե իր մյուս անտրամաբանական խոսքերից հետո ուսանողների և մյուս ներկաների հայացքներում փոփոխություն էի տեսնում: Նա խոսել է նաև նախկին իշխանությունների մասին, նշել, որ ժամանակին եղել է գաղափարապես դաշնակցական, ապա տրվեց էմոցիաներին, կարմրեց, և այդ պահին կարծես ոչ թե հանդիպում էր ուսանողների հետ, այլ նրա մենախոսությունն էր»,- եզրափակել է Շամրիկյանը: