Փաշինյանն ուզում է Աստծո փոխարեն լինել․ Վասիլի Կոլտաշով
03 Հունիսի 2025, 20:45
Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները և ընդգծել, որ Մոսկվան պարզապես չի կարող վստահել Հայաստանի ներկայիս իշխանություններին:
«Ռուսաստանը երկակի դրության մեջ է։ Մի կողմից՝ Վլադիմիր Պուտինը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ, Լավրովը այց է կատարում Երևան, մյուս կողմից՝ ռուսական հասարակությունը, ինչպես նաև պետական պաշտոնյաներից շատերը համոզված են, որ ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը թշնամի է։ Այսինքն՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարեկամ են, բայց այդ բարեկամներին ղեկավարում է թշնամի։ Եվ այդ ժողովուրդն ընտրել է թշնամուն որպես առաջնորդ։ Եվ ահա այս դուալիզմը հոգեվերլուծության տեսանկյունից ինչ-որ կերպ կարելի է նկարագրել, բայց քաղաքական պրակտիկայի տեսանկյունից այն հսկայական խնդիրներ է ստեղծում, որովհետև մի բան է, որ ՀՀ-ն ղեկավարվում է բարեկամական ղեկավարության կողմից, այլ բան, որ ղեկավարվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ղեկավարության կողմից:
Ընդ որում՝ խորապես թշնամական, գաղափարապես թշնամական, որը ցանկանում է՝ Հայաստանը մտնի Եվրոպական միություն։ Ինչն, ի դեպ, զուտ աշխարհագրական առումով չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է տեղի ունենալ։ Մյուս կողմից, ինչու ԵՄ-ին, չէ որ այնտեղ ամեն ինչ շատ վատ է, այնտեղ տնտեսական վիճակը վատանում է։ Այնտեղ անելիք չկա, այնտեղ տնտեսական զարգացման հեռանկարներ չկան։ Ընդհակառակը, երկրները միանում են ԲՐԻԿՍ-ին, այդ թվում՝ Ռուսաստանին։ Որովհետև այդ երկրները տնտեսական աճի լոկոմոտիվներն են», — նշել է փորձագետը։
Անդրադառնալով հայկական եկեղեցու մասին Փաշինյանի հայտարարություններին՝ Կոլտաշովն ընդգծել է՝ Փաշինյանն ուզում է լինել Աստծո փոխարեն։
«Ինձ թվում է, որ Փաշինյանը թաքուն երազում է Պոլսո պատրիարքից, ինչպես Պորոշենկոն արեց, զուգահեռ եկեղեցի ստեղծելու արտոնագիր ստանալ և պայքար սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Ոչնչացնել այն, փոխարինել իր սեփական, քաղաքական եկեղեցով, գաղափարապես ճիշտ, որը կանի այն ամենը, ինչ իրեն պետք է: Ինչու, քանի որ կա այնպիսի հետաքրքիր բանաձև, որը հայտնաբերել է բելգիացի պատմաբան Անրի Պիրենը, դա «Դուքս Ալբայի բանաձևն է»։ Սա իսպանացի արիստոկրատի անուն է, որը ձգտում էր Նիդեռլանդներում հեղափոխության:
Բանաձևը շատ հետաքրքիր է, այն ասում է. «Դա այն չէ, ինչ ինձ ասում են քահանաները, այլ այն, ինչ ես պատվիրում եմ նրանց»: Ահա սա է այն բանաձևը, որ Փաշինյանն ուզում է կիրառել հայ եկեղեցու նկատմամբ, նա ուզում է Աստծո փոխարեն լինել, հրամայել և որ բոլորը կատարեն: Իսկ երբ ասում են՝ մենք համաձայն չենք, մենք չենք պաշտպանում քաղաքականության որոշակի բարոյական կանոններ, Փաշինյանին դա սարսափելի բարկացնում է։ Այստեղից էլ վիրավորական տոնը Հայ Առաքելական եկեղեցու գործիչների նկատմամբ», — ամփոփել է Վասիլի Կոլտաշովը։