Փաշինյանն ուզում է ավարտին հասցնել Հայաստանի՝ դեպի արևմուտք շրջադարձի նախագիծը. Դմիտրի Բաբիչ

Քաղաքագետ Դմիտրի Բաբիչը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն լուրը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մայիսի 9-ին Մոսկվայի Հաղթանակի շքերթին ներկա գտնվել:

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը ցանկանում է ավարտին հասցնել Ռուսաստանից դեպի Արևմուտք Հայաստանի շրջադարձի իր սկսած նախագիծը։

«Այնպիսի տպավորություն է, որ վարչապետ Փաշինյանը գնում է վա-բանկ, այսինքն՝ նա ցանկանում է ավարտին հասցնել իր սկսած սահմանազատման և Հայաստանի՝ Ռուսաստանից Արևմուտք շրջադարձի նախագիծը։ Նա որոշել է ոչ թե հետաձգել այդ գործընթացը, ոչ թե մաս-մաս կտրել, այլ կտրուկ անել դա։ Այս տրամաբանության մեջ ակնհայտորեն տեղավորվում է մայիսի 9-ի տոնին չգալու նրա որոշումը, միայն այդպես է կարելի դա բացատրել։ Դա, իհարկե, ռիսկային քայլ է, բայց նրան (Փաշինյանին) ավելի տեսանելի է», — ասել է Բաբիչը։

Քաղաքագետի խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ։

«Մենք Ռուսաստանում կցանկանայինք հասնել երկու նպատակի։ Առաջինն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չլինի։ Մեզ այդ պատերազմները և՛ վախեցնում են, և՛ տխրեցնում, և՛ մենք դրանց մեջ ոչ մի լավ բան չենք տեսնում։ Իսկ երկրորդը՝ մենք կցանկանայինք լավ հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ։ Մոսկվայում երբեք հարց չեն դրել կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Արևմուտքը, երբեք չեն արգելել Հայաստանին ինչ-որ պայմանագրեր կնքել ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ, բայց ահա Արևմուտքն ակնհայտորեն շատ կոշտ է դնում հարցը՝ կա՛մ մենք, կա՛մ Ռուսաստանը։ Եվ ակնհայտ է, որ Փաշինյանը համաձայնել է։

Իմ կարծիքով՝ այս տրամաբանության հետ պետք չէ համաձայնել։ Օրինակ՝ Չինաստանը համաձայն չէ այս տրամաբանության հետ և դիմանում է որոշակի ճնշումների։ Բայց ինձ թվում է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններն արժանի են դրան», — եզրափակել է Բաբիչը։