Փաշինյանն ուզում է փորձել միանալ Արևմուտքին. Ալեքսանդր Ռար

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Էստոնիա:

«Կարելի է ասել, որ Հայաստանի վարչապետը ցանկանում է նստել երկու աթոռի վրա, նա ընտրել է այդ ճանապարհը, նա ցանկանում է յուրօրինակ դիվանագիտություն վարել, լիովին չվիճել Ռուսաստանի հետ, ինչ-որ տեղ չլինել արդեն Ռուսաստանի Դաշնության անմիջական դաշնակիցը և փորձել միանալ Արևմուտքին։ Թեև, կարծում եմ, նա հասկանում է, որ Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի անդամ Հայաստանը չի կարող դառնալ և երբեք չի լինի, բայց, այնուամենայնիվ, փորձել ինչ-որ աջակցություն ստանալ Եվրոպական Միությունից, հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, ՀՀ-ն, իհարկե, հույս ունի», — ասել է Ռարը։

Նրա խոսքով՝ Փաշինյանն ուզում է փորձել միանալ Արևմուտքին։

«Իսկ ինչ վերաբերում է հուշարձաններ այցելելուն, ես կարծում եմ, որ Փաշինյանն այնպիսի դիրքորոշում է որդեգրել, որը գոյություն ունի արևմուտքում, մի կողմից պետք է գովաբանել և շնորհակալություն հայտնել Ռուսաստանին և Խորհրդային Միության ժողովուրդներին, որ նրանք այն ժամանակ Գերմանիան ազատեցին ֆաշիզմից, դրա համար էլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա՝ մայիսի 9-ին տոնելու, բայց միևնույն ժամանակ նա այն տեսակետն ունի, որը, իհարկե, գոյություն չունի Ռուսաստանում, բայց որը փաստացի գոյություն ունի Արևմուտքում, որ կար մեկ այլ տոտալիտար համակարգ, հենց կոմունիստականը, որը նույնպես շատ չարիք և վիշտ բերեց Եվրոպայի ժողովուրդներին։ Եվ որ նրանց համար, ովքեր պայքարել են այս համակարգի դեմ կամ ովքեր ուժասպառ են եղել կոմունիստական համակարգից, նույնպես պետք է հուշարձաններ տեղադրել։ Այստեղ ես կարծում եմ, որ նա պարզապես գնացել է նման դիրքորոշման: Այն հայկական չէ, այն պարզապես գոյություն ունի շատ առումներով Արևմուտքում», — եզրափակել է Ռարը։