Փաշինյանը Բաքվին առաջարկել է հարաբերությունները սկսել «մաքուր էջից»

05 Փետրվարի 2025, 11:50

Քաղաքականություն

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում, որտեղ ադրբեջանական կողմին առաջարկել է երկկողմ հարաբերությունները սկսել «նոր ու մաքուր էջից»։

«Մենք առաջարկում ենք վերջ դնել կոնֆլիկտային հարցերի շուրջ հետագա քննարկումներին և բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր և մաքուր էջից»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ կողմերին հաջողվել է խաղաղության պայմանագրի նախագծում զգայուն թեմաներ համաձայնեցնել։

«Երևանն ու Բաքուն համաձայնել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանների հիման վրա։ Մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ և ապագայում նման պահանջներ չեն ներկայացնի։

Ինչու եմ ես դա ասում, որովհետև ակնհայտ է դարձնում, որ այժմ խաղաղությունն ավելի քան հասանելի է, և այժմ միայն քաղաքական կամք է անհրաժեշտ՝ վերջնական տեսքի բերելու և ստորագրելու խաղաղության պայմանագրի նախագիծը և հասնելու կայուն խաղաղության»,- ասել է Փաշինյանը։