Փաշինյանը ձգտում է ամբողջովին կտրվել Ռուսաստանից․ Վիկտորյա Ֆեդոսովա
23 Մայիսի 2024, 00:00
Ռուս քաղաքագետ Վիկտորյա Ֆեդոսովան Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա և դրա ազդեցությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում պահպանվել է ռազմաքաղաքական փոխգործակցության նվազման միտումը:
«Փաշինյանի մոսկովյան այցից հետո որևէ փոփոխություն չի եղել։ Պահպանվել է Մոսկվայի և Երևանի ռազմաքաղաքական փոխգործակցության նվազման միտումը։ Մենք տեսել ենք ռուսական առանձին ստորաբաժանումների դուրսբերումը Հայաստանի տարածքից։ Եւ սա կպահպանվի։
Սակայն հանդիպման շեշտը տնտեսական համագործակցության վրա էր դրված։ Եվ դա տրամաբանական է, քանի որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ՝ միաժամանակ ցանկանալով անդամակցել ԵՄ-ին։ Եվ Եվրոպայի համար, իհարկե, այն դառնում է հնարավոր ազդեցության օբյեկտ, քանի որ այդպիսով կարող է հակակշիռ դառնալ Թուրքիային և Ադրբեջանին, ինչպես նաև՝ Թբիլիսիին, որն այժմ ավելի ինքնիշխան քաղաքականություն է վարում ՝ չցանկանալով խզել կապերը Ռուսաստանի հետ, որն օբյեկտիվ տնտեսական օգուտներ է բերում», — ասել է Ֆեդոսովան։
Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանը պատրաստ է կատարել Բաքվի վերջնագրային պահանջները։
«Փաշինյանը ձգտում է ամբողջովին կտրվել Ռուսաստանից և գործընկերներ է փնտրում ամերիկացիների, ֆրանսիացիների և ընդհանրապես եվրոպացիների շրջանում, որպեսզի տարբեր ուղիներով կառուցի այդ անկախ կուրսը։ Նա պատրաստ է կատարել Բաքվի վերջնագրային պահանջները, և դա հակադրվում է բնակչության տրամադրությունների հետ։ Ահա թե ինչու մենք տեսանք այդ ընդդիմադիր շարժումները, որոնք դաժանորեն ճնշվում են»,- նշել է Ֆեդոսովան։
Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգության, Հայաստանի տնտեսության մասով Ռուսաստանին Արևմուտքով փոխարինելուն, ապա, ըստ նրա, դա դրական արդյունք չի բերի օբյեկտիվ աշխարհառազմավարական, աշխարհատնտեսական պատճառներով ։
«Առաջին հերթին, քանի որ դա ուշացած արդյունք է: Եվրոպացիներն ու Արևմուտքն ընդհանրապես կարող են Հայաստանին կերակրել խոստումներ վաճառելով ։ Ինչպես բազմիցս տեսել ենք, դա իրենց ռազմավարության մի մասն է, որովհետև եթե քաղաքական ղեկավարությունը ամեն գնով համաձայն է Արևմուտքի հետ մերձեցման գնալ, ապա այդ ցանկացած գին ժամանակի մեջ աճում է, մինչև երկիրն ամբողջությամբ զիջի իր ինքնիշխանությունը։
Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովվել տարածաշրջանային խոշոր դերակատարների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Արևմուտքի և Իրանի բալանսի վրա։ Իրանի հետ կապերի պահպանումը, թերևս, ավելի կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության համար, քան Փաշինյանի՝ ֆրանսիացիների աջակցությունը ստանալու բոլոր տեսակի ձգտումները ։ Արևմուտքի ներկայությունն ավելի շուտ ապակայունացնող գործոն կլինի, և այստեղ ավելի նուրբ քաղաքականություն է պետք, իսկ մենք այն հիմա չենք տեսնում»,- եզրափակել է Ֆեդոսովան։