Փաշինյանը հունիսի 7-9-ը Մոսկվայում կհանդիպի Միշուստինին. Սերգեյ Պալտով
29 Մայիսի 2023, 17:01
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-9-ը Մոսկվայում կընդունի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Այս մասին «Հայաստանի եւ Ռուսաստանի պատկերների փոխադարձ ընկալումը» կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։
«Հունիսի 7-9-ը Միշուստինը կընդունի Նիկոլ Փաշինյանին (այստեղ միգուցե ինչ-որ բան կլինի, չգիտեմ)»,- ասաց նա՝ հավելելով, որ ապաշրջափակման փաստաթուղթն արդեն պատրաստ է, մնացել են որոշ տեխնիկական խնդիրներ։
«Փաստաթուղթն արդեն իսկապես պատրաստ է, ես բազմիցս տեսել եմ, այնտեղ փոքր փոփոխություններ են կատարվելու։ Բայց մինչ կողմերը չեն կարող վերջին քայլն անել։
Հուսով եմ, որ մեկ շաբաթից այս ամենի արդյունքում ինչ-որ գործնական հարթություն կստեղծվի, և, հավանաբար, մեր ղեկավարները նորից հավաքվելու կարիք կունենան»,- եզրափակեց նա։
Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպել էին Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհուրդը (RIAC) և DIALOGUE հասարակական կազմակերպությունը։