Փաշինյանի քաղաքականությունը Հայաստանը պատրաստում է նոր փորձությունների․ Անդրեյ Արեշև

28 Օգոստոսի 2026, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

«Ռազմավարական մշակույթի հիմնադրամ»-ի փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը և հայ-ռուսական հարաբերություններին։

«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է Ռուսաստանի հետ առճակատման խորացմանն ու նրա դաշնակցային կառույցներից, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, հեռացմանը։ 

Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵՄ-ին անդամակցելու մասին հայտարարություններին, այլև Հայաստանում ռուսական ընկերությունների, մասնավորապես՝ «Ռոսատոմ»-ի, երկաթուղիների և այլ ոլորտների գործունեության վերանայմանը»,- նշել է փորձագետը։

Անդրեյ Արեշևը զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի և Մոլդովայի հետ՝ ընդգծելով Մոսկվայից հեռացման սցենարների կրկնության ռիսկը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է էական կախվածություն ունենալ ռուսական էներգակիրներից և ռուսական շուկայից, ինչը Փաշինյանի որդեգրած քաղաքականությունն առավել ռիսկային է դարձնում։

«Խոսքը խաղադրույքների նպատակային բարձրացման և Ռուսաստանի հետ երկխոսության ընթացքում լրացուցիչ խաղաքարտեր ձեռք բերելու փորձի մասին է՝ շանտաժի և տարբեր հայտարարությունների միջոցով։ 

Հայաստանը շարունակում է էական կախվածություն ունենալ ռուսական էներգակիրներից և շուկայից, ուստի Փաշինյանի որդեգրած քաղաքականությունը ռիսկային խաղ է։ Եթե հայկական կողմը նախընտրի երկկողմ կապերի արմատական խզման ճանապարհը, հետևանքները ցավալի կլինեն։ Խաղադրույքը կատարվում է Մոսկվայի չմիջամտելու հաշվարկի վրա, քանի որ այն զբաղված է Եվրոպայի և Ուկրաինայի հետ առճակատմամբ»,- նշել է փորձագետը։

Նա նաև ասել է, որ իշխանությունը համախմբում է ուժային կառույցները, բարոյալքում ընդդիմությանը և ապավինում Արևմուտքի ու հարևան երկրների աջակցությանը։ Սակայն, ըստ Արեշևի, սոցիալ-տնտեսական դժվարությունները և Ադրբեջանի կողմից առաջ քաշվող նոր պահանջներն ավելի են սրում իրավիճակը։

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը կփորձի երկխոսությունը պահել միջկառավարական հանձնաժողովների և խորհրդակցությունների շրջանակում, սակայն եթե Երևանն ընտրի տնտեսական կապերի խզման ճանապարհը, հետևանքները ծանր կլինեն։

«Կարևոր գործոն են մնում նաև հայ-իրանական հարաբերությունները, որոնք կարող են վերածվել աշխարհաքաղաքական մրցակցության նոր թատերաբեմի»,- նշել է նա։