Փաշինյանը մասնավոր որևէ ընկերության գործերին խառնվելու իրավասություն չունի. Վարազդատ Հարությունյան
20 Հունիսի 2025, 17:33
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը պնդում է, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերը վերցնելու 2 հնարավոր եղանակ կա՝ սեփականազրկումը և սեփականության իրավունքի հարկադիր օտարումը:
«Սեփականազրկման հիմք գոյություն չունի, որովհետև նման պատասխանատվության միջոց չկա բաժնետոմսերը որպես տուգանք վերցնելու, մնում է հարկադիր օտարումը: Դրա կարևոր նախապայման է և Սահմանդրությամբ ամրագրված և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին կետով սահմանված կարգավորման և դրա դատական պրակտիկայի՝ նախնական և համարժեք փոխհատուցումը: Այսինքն՝ ՀԷՑ-ը պետականացնելու մասին խոսույթը միգուցե շատերի համար ականջահաճո է, բայց այն պետությանը դառնալու մի եղանակ կա՝ նախնական և համարժեք փոխհատուցմամբ: Եվ այստեղ հարց է առաջանում, թե ում միջոցով է այդ փոխհատուցումը տեղի ունենալու: Բացի այդ, ես այսօր լրահոսից տեղեկացա, որ այդ բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսավորմամբ զբաղվող ինչ-որ կազմակերպությունում, հիմա եթե այդ բաժնետոմսերը գրավադրված են, այստեղ առաջանում է այդ երրորդ անձի գրավի իրավունքի պահպանման հարցը, որը հաղթահարելու մի եղանակ կա՝ բավարարել միջազգային ֆինանսավորում տրամադրած գրավառու ընկերության պահանջի իրավունքը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Վարազդատ Հարությունյանը:
Ըստ փաստաբանի՝ ՀԷՑ-ի հնարավոր պետականացումը կարող է լինել անդրկուլիսյան ինչ-որ պայմանավորվածությունների և ճնշումների արդյունքում:
«Այսինքն՝ հարկադրեն սեփականատիրոջը, որպեսզի նա ինչ-որ հանգամանքների ճնշման ներքո որոշակի գնով վաճառի իր բաժնեմասը մեկ այլ սուբյեկտի, այդ սուբյեկտն էլ այդ գործարքի դիմաց պետությանը ինչ-որ բաժնեմաս տա այդ ընկերությունից»,- նշեց Հարությունյանը:
Անդրադառնալով ՀԷՑ-ի աշխատողներին ուղղված Փաշինյանի սպառնալիքին, փաստաբանն ասաց.
«Փաշինյանը մասնավոր որևէ ընկերության գործերին խառնվելու իրավասություն չունի, պաշտոնեական դիրքի չարաշահման հանցակազմի հնարավոր հատկանիշները պարունակող արարք է»:
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին Փաշինյանը ֆեյսբուքում գրեց, որ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է պետականացվի: Այդ նույն օրը նա ԱԺ ամբիոնից սպառնաց ՀԷՑ-ի աշխատողներին, ասելով.
«ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի
ուժեղ տղերքի նման ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեն, ոչ մեկին ներում չի լինելու, իսկ այն աշխատողները, որոնք կհրաժարվեն ու կհամագործակցեն իրավապահների հետ, և կոնկրետ ցուցմունqներ կտան, ոչ մեկ չի ազատվի աշխատանքից, նրանք կխրախուսվեն»: