Փաշինյանը նոր մոտեցում է հորինել՝ Տիգրանաշենի հարցում արդարանալու համար․ Տիգրան Քոչարյան
11 Սեպտեմբերի 2026, 23:30
Փաշինյանի առաջ քաշած փաստարկները տրամաբանությունից զուրկ են և նմանվում են ստեղծված իրավիճակից ելք գտնելու էժանագին փորձերի։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում ասել է «Alpha News»-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ երբևէ չեն մտել Քյարքին և մյուս անկլավները։
«Այստեղ Փաշինյանն, արդարանալու իր մեթոդաբանության շրջանակում, նոր մոտեցում է հորինել։ Ասում է․ «Ես Տիգրանաշենի մասին չեմ խոսում, Քյարքիի մասին եմ խոսում․ մենք Տիգրանաշենն ինչ-որ տեղ կտեղափոխենք, իսկ Քյարքին կմնա Ադրբեջանին»։ Սա նման է Մայր Աթոռը կտեղափոխենք Գառնի, Գառնին՝ Ոսկեպար․․․ Հիմա ո՞վ է ասել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հենց այդտեղ լինի։ Գործում է հենց այսպիսի տրամաբանություն»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը չպետք է ներքաշվի Տիգրանաշեն գյուղի լոկացիայի շուրջ քննարկումների մեջ։ Խոսքը պետք է վերաբերի ճանապարհի տեղակայմանն ու անվտանգության ապահովմանը։
«Այդ ճանապարհը պետք է վերահսկվի Հայաստանի սահմանապահների կողմից, և Ադրբեջանն այնտեղ որևէ հասանելիություն չպետք է ունենա։ Ամենակարևորը ճանապարհի հարցն է․ ադրբեջանցի զինվորի ոտքը նույնիսկ մեկ միլիմետր չպետք է դիպչի այդ ճանապարհին»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։