Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից և փորձում է ստվերել նրան. Կարեն Քոչարյան

Ներքաղաքական կյանք մտել է նոր ֆիգուր՝ Սամվել Կարապետյանը, և իշխանությունն ամենաշատը նրանից է վախենում և փորձում ստվերել նրան: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով ենթադրյալ ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու քրեական գործի շրջանակում ընդդիմադիրների կալանավորմանը:

«Աշխարհում դեռ չի եղել դեպք, որ տեռորիստական ակտը կանխելն անոնս անեն: Սրանով փորձում են ստվերել Սամվել Կարապետյանին, այդպիսով լիդեր ներկայացնել Բագրատ Սրբազանին և Սրբազան շարժումը, ինչը չի ստացվելու, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, թե ինչ և ինչ կալիբրի ֆիգուր է Սամվել Կարապետյանը, նրա կալանավորումից հետո իրենք արդեն իրենց մաշկի վրա զգացել են ինչ-որ գործողություններ: Եթե իշխանությունը «ահաբեկչություն» կանխող լիներ, 2024-ին կկանխեր, հիմա նրանք ոչ թե դա էին կանխում, այլ հասարակությանը նոր շոու էին հրամցնում Կարապետյանի գործոնը ստվերելու համար»,- ընդգծեց Կարեն Քոչարյանը:

Քաղտեխնոլոգը կարծում է, որ վարչապետ Փաշինյանը իշխանափոխության վտանգ է զգում:

«Իրենք շատ լավ գիտեն Իվանիշվիլիի փորձը, նա էլ է միլիարդատեր, որն իր գումարներն աշխատել է ոչ թե Վրաստանում, այլ Վրաստանից դուրս, որը հետո ընտրություններում հաղթել է Սահակաշվիլիին: Սամվել Կարապետյանին ստիպեցին քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնել, համենայնդեպս Սամվել Կարապետյանի բանտից հրապարակված նամակները փաստացի քաղաքական ծրագիր է: Ես Սամվել Կարապետյանի շանսերը բարձր եմ գնահատում, հաշվի առնելով նրա կալիբրը, այն, որ նրա վրա կոմպրոմատ չկա, այդ մարդն իր գումարը չի աշխատել Հայաստանում, ավելին դրսում աշխատած գումարով այստեղ ներդրումներ, բարեգործություններ է արել, նա անխոնցելի ու նաև ընկալելի ֆիգուր է գրեթե բոլոր ընդդիմադիրների համար»,- ասաց Կարեն Քոչարյանը: