Պաշտպանները բողոքարկելու են Քոչարյանի կալանքի որոշումը

27 Օգոստոսի 2026, 15:32

Քաղաքականություն

Պաշտպանները բողոքարկելու են Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը, հենց որ ստանան այն։ Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։

«Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ իրավաչափ են, իսկ քաղաքական գործընթացների համատեքստում՝ առավել խնդրահարույց։ Ազգային ժողովի քննարկումները, դրանց նախորդած հայտարարությունները, ունեզրկման մասին պնդումներն ու այս ամբողջ ֆոնը, երբ համադրում ենք այլ անձանց նկատմամբ տեղի ունեցող գործընթացների հետ, ակնհայտ է դառնում իրավիճակի անօրինականությունը։ Մենք մեր անելիքներն ունենք, և գործողությունների արդյունքները որոշ ժամանակ անց պարզ կլինեն»,– Armenia Sputnik–ին ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ պաշտպանական կողմն առաջիկայում կհստակեցնի աշխատանքների ծավալն ու հիմնական ուղղությունները՝ ներառյալ միջազգային ատյաններն ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները։