Փաստաբանների պալատը դատապարտում է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի վարույթից հեռացնելը
28 Հուլիսի 2026, 13:53
ՀՀ Փաստաբանների պալատը դատապարտում է Երեմ Սարգսյանին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթից հեռացնելը որպես պաշտպան և որպես վկա հարցաքննության կանչելը։ Այս մասին նշված է տարածված հաղորդագրության մեջ։
Պալատի խորհուրդը համապատասխան որոշում է ընդունել՝ դատապարտելով փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ պարունակող և փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ ունեցող գործողությունները։
Մասնավորաբար,
«1) փաստաբան Երեմ Սարգսյանին՝ առանց օրենքով հստակ նախատեսված և պատշաճ հիմնավորված հիմքի, վարույթին մասնակցելուց ազատելը,
2) նույն վարույթով նրան որպես վկա հարցաքննության հրավիրելը,
3) նրանից փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը,
4) փաստաբանական գրասենյակի, բնակարանի, իրերի կամ տեղեկատվական կրիչների նկատմամբ այնպիսի գործողություններ նախատեսելը, որոնք կարող են հանգեցնել փաստաբանական գաղտնիքի բացահայտման»,- նշված է որոշման մեջ։
Խորհուրդը հորդորում է նախաքննական մարմնին անհապաղ վերանայել փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնել հիմնավորվածությունը, զերծ մնալ փաստաբանական գրասենյակը, փաստաբանի բնակարանը, ավտոմեքենան, իրերը կամ թվային կրիչները խուզարկելուց, առգրավելուց կամ այլ կերպ ուսումնասիրելուց, եթե գործողությունը վերաբերում է փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքներին, ապահովել փաստաբանական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, տվյալների լիարժեք անձեռնմխելիությունը և այլն։
Փաստաբանների պալատի խորհուրդը նաև կոչ է անում ՀՀ դատախազությանը պատշաճ վերահսկողություն իրականացնել փաստաբանի իրավունքներին, փաստաբանական գաղտնիքին և պաշտպանության իրավունքին միջամտող գործողությունների օրինականության նկատմամբ։
Խորհուրդը դիմում է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ազգային և միջազգային կազմակերպություններին՝ ակնկալելով համապատասխան արձագանք և աջակցություն նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։