Պատասխանատվությունն այլ անձանց վրա բարդելու հերթական քայլը․ փաստաբանը՝ վարչապետի հրապարակած տեսանյութի մասին

Նիկոլ Փաշինյանի տեսանյութի հրապարակումը իրավական նշանակություն չունի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Նիկոլ Փաշինյանի տեսանյութի հրապարակումը իրավական նշանակություն չունի։ Եթե պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսք լիներ, կարող էինք քննարկել։ Չի բացառվում, որ այդ նույն կոմունիկացիաների միջոցով պետական գաղտնիք քննարկվել է և այլ միջամտության արդյունքում վերցվել է։ Եթե նման դեպք է տեղի ունեցել, դա մի օր կբացահայտվի։ Կոնկրետ այս տեսանյութում որևէ տվյալ չկա ոչ վարչապետի խոսքի մեջ, ոչ Արշակ Կարապետյանի պատասխանի մեջ, ինչպես նաև չկա ինչ-որ տվյալ, որն ընդհանրապես իմաստ ունի քննարկել։ Այն, ինչ երևում է տեսանյութում, ամենևին չի նշանակում ինչ-որ պատասխան»,- ասել է փաստաբանը։

Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի արարքը երեխայական է, նա սքրինշոթեր է տարածել՝ իրեն ճիշտ համարելու համար։

«Արշակ Կարապետյանի պատասխանը կապ չուներ վարչապետի ասածների հետ։ Եթե կարճ մեկնաբանենք, ապա՝ ինչ-որ անձնական հարցերով անչափահաս երեխաների տրամաբանությամբ սքրինշոթեր տարածելու, իր ճիշտը առաջ տանելու շարժառիթ հետապնդող արարք է։ Այլ հարց է՝ իրականում ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 14-ին։ Եթե, օրինակ, Արշակ Կարապետյանը պետք է զեկուցեր ինչ-որ բան, որը չի արել ու դրա հետևանքով վրա է հասել վտանգ, ապա վերջինիս չպետք է ուղղակի ազատեին աշխատանքից, նա պետք է ենթարկվեր քրեական պատասխանատվության, եթե իր գործողություններով չի կարողացել կանխել սահմանային միջադեպը կամ հետագա կորուստները։

Եթե նման բան չի եղել, առհասարակ անիմաստ է այս ամենը քննարկել։ Եթե եղել է, պետք է հասկանալ՝ ինչու նախկինում իրավապահ մարմինները, վարչապետը, որ այդ ինֆորմացիային տիրապետել է, չի նախաձեռնել քրեական վարույթ, որպեսզի սահմանային կորուստների մեղավոր հանդիսացած անձն, ըստ իրեն, ենթարկվի պատասխանատվության»,- ասել է Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանը եկել է այն եզրահանգման, որ վարչապետի հրապարակած տեսանյութը պետության համար որևէ կարևորություն չունի։

«Սա ևս մեկ անգամ գալիս է նրանից, որ այս խոսակցություններն ինչ-որ կարևորություն չունեն պետության տեսանկյունից։ Իսկ հասարակության տեսանկյունից ընդամենը ինչ-որ մեկի սեփական պատասխանատվությունն այլ անձանց վրա բարդելու հերթական քայլերից մեկն է՝ սքրինշոթերի պահեստից մեկն օգտագործելով»,- ասել է փաստաբանը։

Հիմա եթերում