Պատերազմով չվախեցնեք, Կիրանցը հերոս գյուղ է, ադրբեջանցին չպետք է այստեղ մտնի. Մհեր Սիմոնյան

03 Ապրիլի 2024, 18:00

Կարծիք

Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարեւանությամբ է գտնվում Ադրբեջանի պահանջած 4 գյուղերից մեկը, այսպես կոչված՝ Խեյրիմլին: Եթե այս գյուղն անցի ադրբեջանական վերահսկողության տակ, ապա Կիրանցը հայտնվելու է հակառակորդի ուղիղ նշանառության տակ:

Գյուղ մտնող առաջին տունը Մհեր Սիմոնյանինն է: Նա մտավախություն ունի, որ եթե այդ տարածքը հանձնվի Ադրբեջանին, ապա իր տնից 50 մետր հեռավորության վրա գտնվող ճանապարհի վրա հակառակորդը անցակետ է դնելու: Իջեւանի կողմից գյուղ մտնում են հենց այդ ճանապարհով:

«Էդ մոստով անցնել չենք կարողանալու: Օրինակ՝ դեպի Իջեւան գնալու համար պետք է անտառի միջով անցնենք, որը գրունտավոյ ճանապարհ է: Ոնց եղել է էդ սահմանը, նենց էլ պետք է մնա, ոչ մեկը թող մեր հարցերը չլուծի: Մենք 800 հա հող ունենք, որը օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Թող վերադարձնեն, մենք էլ սա իրենց տանք: Եթե չէ, ուրեմն ոնց կա, թող էդպես էլ մնա: Էլ մուտիլովկա չանեն, թե պատերազմ է լինելու: Պատերազմով չվախեցնեք, էս գյուղը հերոս գյուղ է: Ստեղ ադրբեջանցի չպետք է մտնի»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Կիրանցի բնակիչը:

Կիրանցում վարչապետ Փաշինյանի այցից հետո, իհարկե, անորոշություն է, մարդիկ ուշի ուշով հետեւում են լուրերին, այդուհանդերձ, այստեղ մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով: Շատերն են խուսափում տեսախցիկներից, դրանից այն կողմ վստահեցնում՝ իրենց հողերը հայկական պահելու համար պատրաստ են կռվել:

90-ականների կռվում Զեմֆիրա տատը կորցրել է իր երկու տղաներին: Հիմա 83-ամյա տատն ասում է.

«Էդ գյուղը՝ Խեյրիմլին, մենք չենք տալու: Արյան գնով պահած գյուղ է, լավ հերոս տղերք են զոհվել ու էդքանից հետո ուզում են գյուղեը վերցնեն, ինչի՞ վերցնեն, ես երկու զոհ եմ տվել էդ գյուղի կռվում, չենք տալու»:

Հիշեցնենք՝ Փաշինյանը մարտի 18-ին այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս եւ Կիրանց գյուղեր եւ բնակիչների հետ զրույցում ասել, որ սահմանազատման եւ սահմանագծման իրական գործընթացը կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում, որի տարածքով են անցնում Ադրբեջանի պահանջած գյուղերը: Դրանք են՝ Ներքին Ոսկեպարը, Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին եւ Ղըզըլհաջիլիին: Այս գյուղերը անմարդաբնակ են եւ գտնվում են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջեւ:

Մանրամասները՝ տեսանյութում: