Պայքարը դեռ առջևում է․ Ալեքսանդր Շատիլովը՝ Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարների մասին

ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ալեքսանդր Շատիլովը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտմանը։

«Այս պահին Ռուսաստանի մեկուսացման հարցը իսկապես արդիական է Եվրոպայի համար, բայց դա չի նշանակում, որ Եվրոպան ակտիվորեն կաջակցի Հայաստանին, կփոխհատուցի ցանկացած ծախս կամ կտրամադրի վարկեր։ Նախ՝ Եվրոպան ինքն այսօր լավագույն վիճակում չէ, երկրորդ՝ մենք տեսնում ենք, որ արևմտյան երկրներն առաջին հերթին առաջնորդվում են սեփական շահերով, իսկ մյուսների շահերը դիտարկում են երկրորդական սկզբունքով»,- նշել է փորձագետը։

Քաղաքագետի կարծիքով՝ Եվրամիությունն այսօր առանձնապես շահագրգռված չէ նոր անդամներ ընդունելու հարցում, իսկ Հայաստանի եվրոպական ինտեգրումը երկարաժամկետ և բարդ գործընթաց է։

«Ինչ վերաբերում է Եվրամիություն մտնելուն, ապա տեսնում ենք, որ, չնայած տարբեր հայտարարություններին, Եվրամիությունը չափազանց դժկամությամբ է նոր երկրներ ընդունում իր շարքերը։ Եվրամիության լայնածավալ ընդլայնման փուլն, ըստ էության, ավարտվել է։Այս պայմաններում նույնիսկ Ալբանիան ու Չեռնոգորիան տարիներ շարունակ սպասում են ԵՄ անդամակցությանը, էլ չեմ խոսում Ուկրաինայի և Մոլդովայի մասին, որոնց պարբերաբար խոստանում են եվրոպական հեռանկարներ, սակայն գրեթե բոլորին պարզ է, որ այդ ճանապարհը դեռ երկար է։ Իսկ Թուրքիան, որը տասնամյակներ շարունակ փորձում է անդամակցել Եվրամիությանը, փաստացի հույսը կորցրել է, քանի որ այդպես էլ չի կարողանում հասնել նպատակին»,- ասել է Շատիլովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը չափազանց հեռավոր հեռանկար է, թեև վերջին ընտրությունների ընթացքում այդ թեման Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի նախընտրական օրակարգի առանցքային թեմաներից մեկն էր։

«Թեև իշխող քաղաքական ուժը հաղթեց ընտրություններում, կարծում եմ՝ նույնիսկ ներքաղաքական տեսանկյունից այս գործընթացը հեշտ չի լինելու։ Հայաստանի հասարակության զգալի հատվածը տարբեր կապերով կապված է Ռուսաստանի հետ կամ կողմնորոշված է դեպի Ռուսաստան։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունում գործում են բազմաթիվ ազդեցիկ հայկական համայնքներ, որոնք նույնպես առանձնապես չեն ողջունում նման քաղաքական ուղղությունը։ Այդ պատճառով կարծում եմ, որ այս հարցի շուրջ հիմնական պայքարը դեռ առջևում է»,- եզրափակել է Ալեքսանդր Շատիլովը։