ՊԵԿ–ը պնդում է՝ Ծառուկյանին պատկանող համալիրը շուրջ 82 մլն դրամ չի վճարել պետական բյուջե

20 Հուլիսի 2026, 12:09

Քաղաքականություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պնդում է, որ «Օնիրա Քլաբ» ընկերությունը, որն ընդգրկված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնում, 2025-2026 թվականներին կազմակերպված 25 խնջույքից ստացված շուրջ 300 մլն դրամի հասույթը չի արտացոլել հարկային հաշվարկներում, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն դրամ։

ՊԵԿ–ը տեսագրություն է հրապարակել, որում երևում է «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը։ Ըստ հաղորդագրության` հետաքննության և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում քողարկված աշխատակիցները հաճախորդների անվան տակ կապ են հաստատել Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օնիրա Քլաբ» ընկերության աշխատակիցների հետ՝ միջոցառումների գնացուցակին ծանոթանալու նպատակով։

Ըստ կոմիտեի՝ աշխատակիցները հայտնել են, որ սրահը, անկախ հյուրերի թվից, տրամադրվում է առնվազն 12 մլն դրամով։

Հարկային մարմինն ուսումնասիրվել են ընկերության համակարգչային տվյալները, ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը, որոնք համադրվել են հարկային մարմին ներկայացված հաշվարկների հետ։

ՊԵԿ-ից նշել են, որ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։