Պետք է ամեն ինչ անենք, որ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորվեն․ Գրիգոր Բալասանյան
23 Մայիսի 2024, 21:40
Հայ-ռուսական հարաբերություններն ամբողջ պատմության ընթացքում երբեք այսքան լարված չեն եղել: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գրիգոր Բալասանյանը:
«Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ այս պահին հայ-ռուսական հարաբերությունները շատ դժվար օրեր են ապրում, և, ըստ էության, պետք է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններն ամբողջ պատմության ընթացքում երբեք այսքան լարված չեն եղել: Մենք՝ փորձագետներս, պետք է ամեն ինչ անենք, որ այդ հարաբերությունները թեկուզ ժողովրդական դիվանագիտության, թեկուզ փորձագիտական մակարդակով կամ երկու պետություններում հեղինակություն ունեցող մարդկանց միջոցով կարգավորվեն, և ամեն ինչ պետք է անեք, որ մեր խոսքը լսելի լինի և՛ մեր հասարակությունների համար, և՛ քաղաքական վերնախավի համար: Ըստ էության՝ հայ-ռուսական հարաբերությունների բարելավման այլընտրանք երկու պետությունների և ժողովուրդների համար այսօր չկա»,- ասել է Բալասանյանը:
Փորձագետի խոսքով՝ Արևմուտքը չի եղել և չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավոր:
«Պատմությունը մեզ ցույց է տալիս, որ Արևմուտքը չի եղել և չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավոր: Ես առհասարակ դեմ եմ, որ Արևմուտքի հետ հարաբերությունները մենք անենք ինչ-որ մեկի հաշվին: Այսինքն՝ երբ խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, ապա այն պետք է լինի զուգահեռ, այլ ոչ թե ռուսականի հաշվին:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե կարո՞ղ է Արևմուտքն ապահովել Հայաստանի անվտանգությունը և լիարժեք փոխարինել ՌԴ-ին, ես հեռու եմ այդ մտքից, քանի որ պատմական անցյալն էլ ցույց է տալիս՝ այս տարածաշրջանում կան պետություններ և շահեր, որոնք չեն կարող փոխարինվել այլ պետություններով, քանի որ տարածաշրջանի էությունն ու բնույթն է այդպիսին: Հետևաբար մտածել, խոսել այն մասին, որ Արևմուտքը կարող է երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, սին են, և կարող են ավելի վնասել Հայաստանի անվտանգությանը, հատկապես, որ Արևմուտքի կողմից նման հայտարարություններ չկան և մոտ ժամանակահատվածում չեն սպասվում»,- եզրափակել է Գրիգոր Բալասանյանը: