Պետք է բոլորս դուրս գանք և աջակցենք տավուշցիներին․ Սարիգ Արմենյան

ԱՄՆ-ի դաշնային օրենքը հնարավորություն կտա պատժամիջոցներ կիրառել 40 և ավելի ադրբեջանցի պաշտոնայների նկատմամբ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց իրավաբան, Հայկական Իրավաբանական Արդարության և Մարդկային Իրավունքների կենտրոնի խորհրդի անդամ Սարիգ Արմենյանը։

«Ամերիկան ունի մի դաշնային օրենք, որը «Մագնիտսկու օրենք» է կոչվում։ Այն հնարավորություն կտա պատժամիջոցներ կիրառել այն մարդկանց դեմ, որոնք պատերազմներ են հրահրում և խախտում են մարդու իրավունքները։ Մենք բացել ենք միջազգային և հարաբերական իրավունքների կենտրոն, որտեղ 40 և ավելի ադրբեջանցի պաշտոնայների մասին դիմումներ ենք պատրաստել՝ ուղղված ԱՄՆ-ի պետքարտուղարին և Ֆինանսների նախարարությանը։

Մենք հստակ փաստերով և փաստարկներով ցույց ենք տալու, թե այս 40 պաշտոնյաները ինչ հանցանքներ են գործել, այդ թվում՝ մարդու իրավունքների խախտումներ։ 180 օրում պետք է քննել այդ փաստերը և որոշում կայացնել։ Մեր նպատակն է, որ որոշումը լինի դրական, և այդ ադրբեջանցի պաշտոնյաները պատժամիջոցների ենթարկվեն։ Իսկ եթե հանկարծ Բայդենի վարչակազմը որոշի չկիրառել պատժամիջոցներ, ուրեմն ստիպված պետք է լինեն մեզ բացատրել, թե ինչու նման որոշում չընդունեցին։ Պատժամիջոցների դեպքում այդ 40 մարդկանց հաշիվները կսառեցվեն, վիզաները կչեղարկվեն և ամբողջ աշխարհում կիմանան, որ այդ մարդիկ ընդունելի չեն»,- ասաց Արմենյանը։

Խոսելով Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ նա նշեց․

«Մենք բոլորս մտահոգված ենք և տեսնում ենք, թե ինչ է կատարվում այս պահին Տավուշում։ Եվ երբ խոսում եմ Հայաստանում բնակվող իմ հարազատների հետ, նրանք էլ տագնապած են ու աջակցում են տավուշցիներին, բայց մեր խնդիրն այն է, որ բոլորս պետք է դուրս գանք և աջակցենք մեր հայրենակիցներին։ Պայքարը դրսում է, պետք է դուրս գալ ու պայքարել։ Եթե մենք՝ հայերս, կլինի Հայաստանում բնակվող թե Սփյուռքում, դուրս չգանք ու մեր բողոքի ձայնը չբարձրացնենք, հետո Բայդենի վարչակազմը կամ տարածաշրջանի գլխավոր պետությունները կարծելու են, որ համաձայն ենք այս ամենին ու բողոք չկա»։