Պետք է համազգային դիմադրություն ձեւավորենք, որ թույլ չտանք նոր կապիտուլյացիա․ Իշխան Սաղաթելյան

Արցախը կանգնած է էթնիկ զտման եւ ցեղասպանության վտանգի առաջ, մինչդեռ միջազգային հանրությունը բավարար կերպով չէ արձագանքում Ադրբեջանի գործողություններին։ Alpha News-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով SOS Artsakh խորագրով 24-ժամյա նստացույցին, որի նպատակն է բաձրաձայնել կես տարուց ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախի խնդիրների մասին եւ միջազգային հանրությունից հստակ քայլեր պահանջել շրջափակման վերացման ուղղությամբ։

«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլ հայտարարություններ եւ բանաձեւեր մնում են թղթի վրա, դրանք կյանքի չեն կոչվում։ Միջազգային հանրության արձագանքը բավարար չէ, մենք պահանջում ենք հստակ քայլեր եւ գործողություններ ձեռնարկել Արցախի ապաշրջափակման ուղղությամբ։ Եթե ընդունվում են բանաձեւեր, բայց որոշումները չեն իրականացվում, ապա պետք է սանկցիա կիրառել Ադրբեջանի դեմ, իսկ եթե չեն կիրառում, ուրեմն առաջնորդվում են երկակի ստանդարտներով եւ հավատարիմ չեն իրենց հռչակած սկզբունքներին»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ գործիչներն այսօր նամակ են փոխանցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը, որում ներկայացրել են իրենց պահանջները Արցախի շրջափակման վերացման ուղղությամբ։ Նմանատիպ գրություններ կփոխանցվեն նաեւ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դեսպանատներին եւ Եվրամիության ներկայացուցչությանը։

«Մենք մեծապես կարեւորում ենք ռուս խաղաղապահների առաքելությունը, նաեւ կողմ ենք առաքելության երկարաձգմանը, բայց միեւնույն ժամանակ, ակնկալիքներ ունենք ռուս խաղաղապահներից եւ Ռուսաստանից, առնվազն 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կան ձեւակերպումներ, որոնք այսօր չեն իրականացվում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով հետագա գործողություններին, Սաղաթելյանն ասաց, որ իրենց գլխավոր խնդիրը նոր կապիտուլյացիան կանխելն է, իսկ դրա համար պետք է ձեւավորվի համազգային դիմադրություն։

«Պետք է Հայաստանում, Արցախում, Սփյուռքում համազգային դիմադրություն ձեւավորենք, որ կանխենք իրավիճակը։ Հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանը, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, գնալու է այդ ճանապարհով։
Առաջիկա մեր քայլերը միտված են լինելու համաժողովրդական ընդվզում կազմակերպելուն եւ թույլ չտալուն, որ երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, ինչը հանգեցնելու է մեր պետականության կորստին»,- ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 27-ի վաղ առավոտից ՀՅԴ-ն 24-ժամյա նստացույց է նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դեսպանատների եւ Եվրամիության ներկայացուցչության դիմաց։ Ակցիան կրում է SOS Artsakh խորագիրը։ ՀՅԴ-ն պահանջում է անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակման դադարեցման ուղղությամբ:

Ակցիան կավարտվի հունիսի 28-ին։ Ակցիայի մասնակիցները 09։30-ից երթով կշարժվեն դեպի ՄԱԿ-ի գրասենյակ։