Պլաստիկ վիրաբուժության ռահվիրան․ Վարազդատ Կազանջյան

18 Մարտի 2026, 22:20

Հայեր

Վարազդատ Կազանջյանը ծնվել է 1879 թվականի մարտի 18-ին Օսմանյան կայսրության Երզնկա քաղաքում՝ հայկական ընտանիքում: 19-րդ դարի վերջին նա գաղթել է ԱՄՆ, որտեղ ընդունվել է Հարվարդի ատամնաբուժական դպրոց և ավարտել այն 1905 թվականին: Արդեն իսկ այդ տարիներին հետաքրքրությունը պրոթեզավորման և դիմածնոտային վերականգնման հանդեպ կանխորոշեց նրա կյանքի ուղին:

Առաջին համաշխարհային պատերազմը Կազանջյանի համար բեկումնային դարձավ: Աշխատելով դաշնակիցների բժշկական ստորաբաժանումներում՝ նա առնչվել է դեմքի ծանր վնասվածքներ ստացած հազարավոր զինվորների հետ: Որպես ատամնաբույժ և պրոթեզավորող, նրա գիտելիքները թույլ են տվել մշակել դեմքի վերականգնման եզակի մեթոդներ: Նա իրականացրել է ավելի քան երեք հազար վիրահատություն՝ մարդկանց վերադարձնելով լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն:

Պատերազմից հետո Կազանջյանը շարունակել է ակադեմիական կարիերան Հարվարդում, որտեղ 1922-1939 թվականներին դարձել է բերանի խոռոչի վիրաբուժության պրոֆեսոր, իսկ 1941 թվականին՝ Հարվարդի բժշկական դպրոցի պատմության մեջ պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորը: Նա ղեկավարել է «Massachusetts Eye and Ear Infirmary» և «Massachusetts General Hospital»-ին կից կլինիկաները, հրատարակել է ավելի քան 150 գիտական հոդված և դարձել պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ առաջին հիմնարար գրքի համահեղինակը: Նրա անունը հավերժ մնաց բժշկության պատմության էջերում՝ որպես դեմքի վերականգնողական վիրաբուժության առաջամարտիկ։

Կազանջյանը մահացել է 1974 թվականի հոկտեմբերի 19-ին՝ 95 տարեկան հասակում, Բելմոնտում (Մասաչուսեթս): Նրա ժառանգությունը ոչ միայն հազարավոր փրկված կյանքերն են, այլև նոր բժշկական ուղղության ստեղծումը, որն այսօր օգնում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Կազանջյանն, իր համառության և պատերազմի փորձի շնորհիվ, գիտական հեղաշրջում իրականացրեց՝ մարդկությանը վերադարձնելով հույսն ու և վերականգնման հնարավորությունը: