ՊՆ-ն և ՔԿ-ն հերքում են. Ճամբարակի դեպքի ժամանակ զինծառայողները հակագազերով չեն վազել
20 Օգոստոսի 2026, 17:49
ՀՀ պաշտպանության նախարարությունը և Քննչական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերին։
Իրավապահ և ռազմական գերատեսչությունները հայտնում են, որ չնայած դեպքի առթիվ արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ, համացանցում շարունակում են տարածվել տարատեսակ չստուգված տեղեկություններ։
«ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին. լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը»,- նշված է ՊՆ-ի և ՔԿ-ի համատեղ հայտարարության մեջ։
Գերատեսչությունները հորդորում են զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։