Պուտին-Թրամփ հեռախոսազրույցում բովանդակությունից ավելի շատ արարողակարգ կար․ Վլադիմիր Վասիլև

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցին։

«Եթե համառոտ գնահատենք ՌԴ-ի և ԱՄՆ նախագահների միջև կայացած հեռախոսազրույցը, որը նվիրված էր ԱՄՆ-ի հիմնադրման 250-ամյակին, ապա, իմ կարծիքով, այդ զրույցում ավելի շատ դիվանագիտական և արարողակարգային բաղադրիչ կար, քան իրական բովանդակություն։

Փաստորեն, ռուսական կողմը, չնայած այն հայտարարություններին, թե ԱՄՆ-ը հեռանում է Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից, հստակ հասկացրեց, որ այդ պայմանավորվածությունները շարունակում են ուժի մեջ մնալ։ Ինչպես կարելի էր հասկանալ, ամերիկյան կողմին փոխանցվել է, որ ցանկալի կլինի պահպանել այդ պայմանավորվածությունները։ 

Միևնույն ժամանակ, ռուսական կողմը շեշտադրել է երկարաժամկետ խաղաղության կարևորությունը։ Այսինքն՝ այսօր խոսքը չպետք է լինի որևէ ժամանակավոր համաձայնության կամ հրադադարի մասին, այլ երկարաժամկետ և կայուն կարգավորման»,- նշել է Վասիլևը։